ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարության հետ

ANCAԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաև դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները:

Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի և ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակի նախկին ղեկավար Կարո Արմենյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը և  հնարավոր զարգացումները, տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առաջիկա տարիների համար համագործակցության հիմնական ուղղություններին:ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այցը Վաշինգտոն, որ սկսվել էր նոյեմբերի 30-ին, ավարտվել է: Այցի շրջանակում նա մի շարք այլ հանդիպումներ էր ունեցել, մասնակցել Կոնգրեսում ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: