ԱՄՀ ներկայացուցիչը չի բացառում՝ 2015թ. բյուջեն կարող է վերանայվել

teresa daban IMF Daron Titizian ԱՄՀ պաշտոնյայի կարծիքով՝ դրամի արժեզրկումը պայմանավորված է ինչպես ռուսական ռուբլու արժեզրկմամբ, այնպես էլ համաշխարհային շուկայում դոլարի արժևորմամբ։

Հնարավոր է, որ Հայաստանի 2015թ. բյուջեի վերանայման անհրաժեշտություն առաջանա, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա խոսեց համաշխարհային տնտեսության հեռանկարների և Հայաստանի տնտեսության մարտահրավերների մասին:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի 2015թ. պետական բյուջեն։ Բյուջեն հաստատվեց՝ առանց հաշվի առնելու վերջին ամիսների իրողությունները՝ ռուսական ռուբլու սրընթաց արժեզրկումը, Ռուսաստանում սկսված տնտեսական անկումը, ինչպես նաև հայկական դրամի արժեզրկումը: Բյուջեի մշակողները նշյալ գործոնները համարում են ռիսկեր, մինչդեռ դրանք արդեն փաստ են։

Հարցին, որ հնարավո՞ր է բյուջեի վերանայում, Սանչեսն արձագանքեց, որ բյուջեն կազմելու գործընթացը բավական երկար է: «Երբ Հայաստանի իշխանությունները բյուջեն կազմում էին, իրավիճակը տարբեր էր: Շատ զարգացումներ, որ տեղի են ունենում հիմա, սեպտեմբերին միգուցե համարվում էին ռիսկեր, որոնք հիմա նյութականանում են։ Ուստի պետք է ծրագիր մշակվի տարբեր սցենարների ներքո, որոնք ներկայացվում են Ազգային ժողովին։ Սա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մյուս երկրներում։ Երբ բյուջեն կազմվում է, միջավայրի մեջ փոփոխություններ են տեղի ունենում, լուրջ փոփոխություններ, տեղաշարժեր»:

Նրա խոսքով՝ եթե զարգացումներ են տեղի ունենում փոխարժեքում, գնաճի ցուցանիշում, բյուջեն կարող է վերանայվել նաև տարվա կեսին, ինչը սովորական ընդունված գործընթաց է։

ԱՄՀ առաքելությունը մարտին գալու է Հայաստան։ Սանչեսն ասաց, որ իրենք այդ հարցով կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ. «Ուղերձն այն է, որ այո՛, հնարավոր է՝ առաջանա բյուջեի վերանայման անհրաժեշտություն, բայց դրա համար կա մեխանիզմ»:

ԱՄՀ-ն դրական է գնահատում, որ 2015թ. բյուջեում դեֆիցիտի ցուցանիշը նախկին 2 տոկոսի համեմատ բարձրացվել է 2.3 տոկոսի։ Դեֆիցիտի ավելացման միջոցով, ըստ Սանչեսի, կառավարությունը պետք է ավելացնի կապիտալ ծախսերը, նպաստի տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։

«Կապիտալ ծախսերի մասը ՀՆԱ-ի ցուցանիշում շատ կարևոր է։ Դրանք լուրջ մեծ ծրագրեր են, որոնք իրենց ազդեցությունը կունենան, մեծ պահանջարկ կստեղծեն և կնպաստեն բիզնեսի խթանմանը։ Կապիտալ ծրագրերը կարևոր են նաև, որ դրանց միջոցով անհրաժեշտ ենթակառուցվածքներ են ստեղծվում՝ ավտոճանապարհներ, կամուրջներ և այլն։ Սրանք այնպիսի ներդրումներ են, որոնք տևական ազդեցություն են ունենում»,- ասաց ԱՄՀ պաշտոնյան։

ԱՄՀ-ն 2014թ. Հայաստանում կանխատեսել է 2.6 տոկոս աճ, իսկ 2015թ.՝ 3.3 տոկոս։ Թերեզա Դաբան Սանչեսը չի բացառում, որ կարող են վերանայվել նաև տնտեսական աճի կանխատեսումները:

Հայաստանի տնտեսության գլոբալ մարտահրավերների թվում Սանչեսն ընդգծում է Ռուսաստանում և եվրոգոտում տնտեսական վիճակի վատթարացումը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում Հայաստանը էլ ավելի հետևողական պետք է լինի տնտեսական բարեփոխումների հարցում, պետք է ավելի լավ գործարար միջավայր ստեղծի, բարելավի հարկային վարչարարությունը, մեծացնի ֆինանսական միջոցների հասանելիությունը  և այլն։

Ինչ վերաբերում է դրամի վերջին շրջանի արժեզրկմանը, ապա ԱՄՀ պաշտոնյայի կարծիքով՝ դա պայմանավորված է ինչպես ռուսական ռուբլու արժեզրկմամբ, այնպես էլ համաշխարհային շուկայում դոլարի արժևորմամբ։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկն ունի անհրաժեշտ գործիքները դրամի կայունությունն ապահովելու համար՝ պահուստները, բանկային համակարգի կարգավորման մեխանիզմը և բանկերի հետ մշտական հաղորդակցությունը։