Վարդան Պետրոսյանի գործն անցավ վիճաբանությունների փուլ

Դատական հաջորդ երկու նիստերը նշանակված են դեկտեմբերի 17-ին` ժամը 15։00-ին և դեկտեմբերի 19-ին` ժամը 10:00-ին: Դատական հաջորդ երկու նիստերը նշանակված են դեկտեմբերի 17-ին և 19-ին: Լուսանկարում` Վարդան Պետրոսյանի դատական նիստը, նոյեմբերի 19, 2014թ.:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Կողմերը հայտնեցին, որ նոր միջնորդություններ չունեն։ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ` դատավոր Վաղինակ Մկրտչյանի որոշման վերաբերյալ, որով վերջինս մերժել էր պաշտպանական կողմի՝ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը։ Բաղդասարյանը նշեց, որ իր միջնորդությունն ու այն մերժելու մասին որոշումը «որևէ կապ չունեին իրար հետ»:

Դերասանի մյուս պաշտպանը՝ Սամվել Ջաղինյանը, ասաց, որ վթարից անմիջապես հետո՝ նախաքննության ժամանակ, երբ իրականացվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, Վարդան Պետրոսյանը եղել է վկայի կարգավիճակում` զրկված լինելով հարցեր ուղղելու և այլ իրավունքներից։ Տուժող կողմն էլ նշեց, թե «ձևական հայտարարություն է»։

Դատաքննությունն ավարտվեց և անցավ վիճաբանությունների փուլ, որտեղ կողմերը պետք է հանդես գան ճառերով ու վերջին խոսքով։ Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը 10 օր ժամանակ խնդրեց մեղադրական ճառը ներկայացնելու համար։

Վարդան Պետրոսյանը խնդրեց հստակեցնել բոլորի ճառերի ժամերը, որպեսզի Ֆրանսիայից կարողանա գալ նաև իր ֆրանսիացի պաշտպանը:

Դատական հաջորդ երկու նիստերը նշանակված են դեկտեմբերի 17-ին` ժամը 15։00-ին և դեկտեմբերի 19-ին` ժամը 10:00-ին:

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Դատական նիստի ամբողջական լուսաբանմանը կարող եք ծանոթանալ ավելի ուշ` ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութում:

Արտակ Համբարձումյան