Թուրքիայում ազատազրկված Նշանյանի պատժաչափն ավելացվել է

«Անվտանգության» նկատառումներից ելնելով՝ Նշանյանը չորս անգամ տեղափոխվել է մի բանտից մյուսը: «Անվտանգության» նկատառումներից ելնելով՝ Նշանյանը չորս անգամ տեղափոխվել է մի բանտից մյուսը:

Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան Սևան Նշանյանի պատժաչափն ավելացվել է. նա ազատազրկման մեջ կմնա 11 տարի 8 ամիս: Նշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն, «Ակօս»-ի փոխանցմամբ, ասել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանն ակնկալվող դատավճիռ չի կայացնում, և Նշանյանը կարող է տարիներով մնալ բանտում: Չկա որևէ այլ գործ, որով անձը պահվի փակ բանտում այն մեղադրանքով, որը ներկայացված է Նշանյանին:

Ներկայում Այդըն Յենիփազար բանտում գտնվող Սևան Նշանյանը մեկ այլ մեղադրանքով դատապարտվել էր ընդհանուր առմամբ 5 տարի 2 ամիս 15 օրվա ազատազրկման: Նշանյանին ներկայացված վերջին մեղադրանքով նրա ազատազրկման ժամկետը հասցվել է 11 տարի 8 ամսվա: Նշանյանի փաստաբանն ասում է, որ իրենք այս որոշումն էլ կբողոքարկեն:

Սևան Նշանյանը Իզմիրի Շիրինջե գյուղում իրեն պատկանող հողակտորում 40 ք/մ տարածքի վրա շինություն կառուցելու պատճառով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Նշանյանը մինչև բանտ գնալը ՍիվիլՆեթի հետ զրույցում կանխատեսել էր, որ իրեն կազատազրկեն ոչ թե Մուհամեդ մարգարեին վիրավորելու, այլ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով: Բանտից մեկ շաբաթով ազատված Նշանյանը ՍիվիլՆեթին պատմել էր իր բանտային պայմանների մասին և անգամ հույս հայտնել, որ իրեն համակարգիչ և համացանցի մատչում կտրամադրեն, սակայն դեպքերն այլ զարգացում ունեցան:

Նշանյանը, որը Վճռաբեկ դատարանի վճռից հետո ներկայացել էր Թորբալըի բաց բանտ, 2014թ. փետրվարի 19-ին լրագրող Հասան Ջեմալին գրած նամակում պատմել է, որ թեև բաց բանտում է, սակայն վատ վերաբերմունքի է ենթարկվում:

2014թ. փետրվարի վերջին Նշանյանին Թորբալըի բաց բանտից տեղափոխել են Բուջայի փակ բանտ: Նշանյանի դեմ հետաքննություն էր սկսվել այն պատճառով, որ Թորբալըի բանտում պահակներից մեկի գողության մասին Ֆեյսբուքում և իր անձնական բլոգում գրառում էր կատարել:

«Անվտանգության» նկատառումներից ելնելով՝ Նշանյանը չորս անգամ տեղափոխվել է մի բանտից մյուսը: Բանտում եղած ժամանակ Նշանյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել և պատժաչափը ավելացել է:

Ի աջակցություն Սևան Նշանյանի՝ նրա մտերիմները պարբերաբար նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնց թվում՝ ստորագրահավաք, հանդիպում-քննարկումներ և այլն:

Մեկնաբանել