Դրամի արժեզրկումը կապված չէ ԵՏՄ-ի հետ, կարծում է Սերժ Սարգսյանը

«Վրաստանում ինչո՞ւ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր...»,- հարցնում է Սարգսյանը: «Վրաստանում ինչո՞ւ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր…»,- հարցնում է Սարգսյանը:

Վրաստանի օրինակը պատկերավոր ձևով հերքում է բոլոր վարկածները, որոնց համաձայն` Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է. դեկտեմբերի 5-ին այսպիսի հայտարարություն է արել նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում:

«Վրաստանում ինչո՞ւ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչո՞ւ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում: Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարիների -0.7 և -0.4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև այստեղ: Միաժամանակ` Սարգսյանը կոչ է արել կառավարությանն ու Կենտրոնական բանկին` ավելացնելու ջանքերը` արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար:

Հայաստանի տնտեսության ներկայիս իրավիճակը նախագահը պայմանավորել է նաև երկրի առևտրային խոշոր գործընկեր Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, «որը բնորոշվել է գնաճի արագացմամբ, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքով և ռուբլու 40% արժեզրկմամբ»:

«Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում»,- ասել է Սարգսյանը` ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության համար առաջնայինը նոր ներդրումների ներգրավումն է:

Նա ընդգծել է, որ ներկայում Հայաստանը տնտեսական շահավետության տեսանկյունից օբյեկտիվ սահմանափակվածություն ունի: Այնուհետ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս խնդիրը լուծելի կդառնա Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության միջոցով:

«Հույս եմ հայտնում, որ ձեր բոլորի ապագա նախաձեռնություններն ու ձեր լավատեսությունը նոր հնարավորություններ են բացելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքների համար: Առավել ևս, որ ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար»,- ասել է Սարգսյանն արդյունաբերողներին:

Ակնարկ. Դրամի արժեզրկում

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվել էր 4%-ով․ 1 դոլարը 415 դրամից դարձել էր 435 դրամ։ Կենտրոնական բանկը նույն օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դրամի արժեզրկումը պայմանավորված է միջազգային իրողություններով։

Ըստ գլխավոր դրամատան՝ դեկտեմբերի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 447.86 դրամ, եվրոյինը՝ 553.91 դրամ, ռուբլունը՝ 8.39 դրամ։

Հայաստանի` ԵՏՄ անդամակցություն

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրել էր` ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագիծը դեկտեմբերի 2-ին մտցվել է նաև Ռուսաստանի Պետդումա։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը միության անդամ երկրների խորհրդարաններում կվավերացվի մինչև հունվարի 1-ը. այս օրը պետք է սկսի գործել նաև ԵՏՄ-ն:

Մեկնաբանել