Ռումինիայի դեսպանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից

despanՆախօրեին ՍիվիլՆեթը հրապարակեց Գիյոմ դե Շազուրնի հեղինակած մի հոդված` Հայաստանում Ռումինայի դեսպան Սորին Վասիլեի կողմից Երևանում դասախոսության ժամանակ արված մի քանի դատողությունների վերաբերյալ: Այդ դասախոսության ընթացքում դեսպան Վասիլեն նսեմացնող արտահայտություններ էր թույլ տվել սեռական և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ՝ փորձելով պատասխանել Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական հրամայականի մասին հարցին: Հոդվածի լույս տեսնելուց հետո դեսպան Սորին Վասիլեն հայտարարություն է ուղարկել ՍիվիլՆեթին՝ հայցելով հայ ժողովրդի ներողամտությունը:

«Ես ցանկանում եմ փոխանցել իմ անկեղծ ափսոսանքը, որ որևէ հետին միտք անգամ չունենալով՝ իմ ասածները ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, որոնք հայ ժողովրդին անսահման տառապանքներ են պատճառել անցյալ դարասկզբին, պատճառ են դարձել հայ ժողովրդին վիրավորելու: Անհուն ափսոսանքով եմ նկատում, թե ինչպես է իմ պատասխանը տրված հարցին մեկնաբանված: Ես խորապես ցավում եմ ցանկացած դժբախտ թյուրիմացության համար, որը կարող է ունենալ որևէ հնարավոր ազդեցություն ռումինացի ու հայ ժողովուրդների ավանդական ամուր հարաբերությունների վրա, որոնք կառուցվել են դարեր շարունակ փոխադարձ աջակցության և վստահության վրա:

Հնարավոր է, որ իմ դատողությունները համատեքստից դուրս են օգտագործվել, և եթե այդպես է, ես խորապես ցավում եմ դրա համար:

Ես հաստատապես ընդգծում եմ, որ հանձինս ինձ` Հայաստանն ունի ընկեր: Ես իրապես վստահ եմ, որ թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ հայ ժողովրդի հետ ընդհանրապես իմ գործունեությունը, իմ հայտարարությունները և հարցազրույցները վկայում են այն ամենաբարձր կարծիքի մասին, որ ունեմ Հայաստանի` որպես հարուստ պատմություն ունեցող երկրի և նրա ապագայի մասին»,- իր հայտարարությունում նշել է Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն:

Դեսպանի հայտարարությանն արձագանքել է հոդվածի հեղինակ Գիյոմ դե Շազուրնը։

«Հոդվածի արագ տարածումից հետո Ռումինիայի դեսպանը համաձայնեց ներողություն խնդրել: Չնայած կոնֆերանսի ընթացքում և մեկ շաբաթ անց էլեկտրոնային փոստի միջոցով նրան ուղարկված իր մեջբերման սղագրության և շարունակական խնդրանքներին, նա հրաժարվում էր ներողություն խնդրել։ Այս պատմությունը արտացոլում է իտալացի Անտոնիո Գրամսկիի` լրագրության դերի մասին խոսքերը. «Քաջալերեք հանրությանը դուրս գալու իր պասիվությունից` համախմբելով նրա ազատագրիչ ուժը»: Շնորհակալություն եմ հայտնում հոդվածի բոլոր ընթերցողներին և տարածողներին, քանի որ նրանք նպաստեցին դեսպան Վասիլեի` հրապարակային ներողությանը»,- գրել է Գիյոմ դե Շազուրնը

Հոդվածի մասին

Նոյեմբերի 19-ին Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն դասախոսություն էր կարդացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա հրավիրված էր խոսելու երկու երկրների միջև հարաբերությունների մասին և պատասխանելու հանրության հարցերին: Հայ ուսանողներից մեկի հարցին, թե որն է ավելի կարևոր Ռումինիայի համար` Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական կապերը, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, դեսպանը տվել է միանգամայն ցնցող պատասխան:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Մեկնաբանել