Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House

FH-Net-report Հայաստանը 28 միավորով ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքում է՝ 16-րդ տեղում:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր «Ազատությունը ցանցում 2014» (Freedom on the Net 2014) ամենամյա զեկույցը։ Հետազոտությունն ընդգրկում է 65 երկիր և ներառում է 2013 թվականի մայիսից 2014-ի մայիս ընկած ժամանակահատվածը։

Զեկույցը 0-100 միավորի (0 միավորը ամենալավ վիճակն է, 100-ը՝ ամենավատը) սանդղակով գնահատել է համացանցի ու թվային մեդիայի ազատության մակարդակը:

Զեկույցում երկրները բաժանված են երեք խմբի՝ ազատ(0-30 միավոր), մասամբ ազատ(31-60 միավոր) և անազատ(61-100)։

Ըստ զեկույցի՝ 65 երկրներից 36-ում համացանցի ազատության ոլորտում բացասական միտում է գրանցվել։ Առավել նշանակալի անկում է նկատվել Ռուսաստանում, Թուրքիայում և Ուկրաինայում: Նշվում է, որ Ռուսաստանի կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկել համացանցի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, մասնավորապես, Սոչիում Օլիմպիական խաղերի նախաշեմին և Ուկրաինայում շարունակական ճգնաժամի ընթացում:

Հայաստանը 28 միավորով ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքում է՝ 16-րդ տեղում (2013-ին Հայաստանը 29 միավորով 17-րդ տեղում էր)։ Հայաստանի հարևան երկրներից այս ցանկում է նաև Վրաստանը՝ 26 միավորով: Ադրբեջանում ինտերնետը մասամբ է ազատ. վարկանիշում այս երկիրը զբաղեցնում են 42-րդ տեղը՝ 55 միավորով։

Իրանում ինտերնետն անազատ է․ այս երկիրը 89 միավորով եզրափակում է Freedom House-ի վարկանիշը։ Իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ համացանցն աշխարհում ամենաազատը Իսլանդիայում է․ ցանցի ազատության մակարդակն այս երկրում 6 միավոր է գնահատված։ Նրան հաջորդում են Էստոնիան (8 միավոր), Կանադան (15 միավոր), Ավստրալիան և Գերմանիան (17 միավոր), ԱՄՆ-ը (20 միավոր)։

Մեկնաբանել