Ցեղասպանության ճանաչումն արդեն եղել է. Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi-hovhannisyan«Բանակցության երևանյան կենտրոնը» կազմակերպել է գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին» խորագրով, որը ՈՒՂԻՂ հեռարձակվում է ՍիվիլՆեթի կողմից: Գիտաժողովին Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Որպես ցեղասպանության ժառանգների՝ մեզ համար նորություն չէ, որ այն, ինչ կորցրեցինք, միայն մարդկային կյանքեր չէին, միայն ցեղի սպանություն չէր, այլ մի ողջ հայրենիքի, քաղաքակրթության, մշակույթի սպանություն, հայրենիքից զրկում:Մեր քննարկումները, լուծումները, ռազմավարական և մարտավարական ուղիները պետք է հասկանան, որ միայն մարդկային կյանքի հատուցում չէ, այլ մի ամբողջ հայրենիքի արժեք:

Ճանաչումն արդեն եղել է, ճանաչումն աշխարհի արխիվների մեջ կա՝ Ամերիկայից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև անգամ Թուրքիա, և միգուցե ամենակարևորը՝ Օսմանյան կայսրության դաշնակից պետության՝ Գերմանիայի արխիվներում է, որոնցում շատ ճշգրիտ և համապարփակ ձևով ճանաչումը կա, նաև Ամերիկայի այն ժամանակվա դեսպանը, որը դեռևս Ռաֆայել Լեմկինից առաջ բնորոշեց ցեղասպանությունը որպես ցեղի ոչնչացում:

Եվ իհարկե, պայքարը պետք է գնա բոլոր ճակատներով՝ իրավական, քաղաքական, հասարակական, Հայաստան, Սփյուռք, և պետք է ուղղված լինի վնասների հատուցմանը և իրավունքների վերականգնմանը: Այդ իրավունքները պետք է վերականգնվեն հատ առ հատ, ընտանիք առ ընտանիք, պետք է վերականգնեն նրանք, ովքեր պատրաստ են թուրքական և այլ ատյաններում իրենց փաստաթղթերով ներկայացնել իրենց իրավունքները, վնասների հատուցումը, իրենց սեփականության իրավունքի վերականգնումը, և իհարկե, մեզ հուզող հավաքական մոտեցման խնդիրը:

100-ամյակի նախաշեմին և դրանից հետո

Առաջին՝ ո՞վ է իրավասու հայ ժողովրդի կողմից, արևմտահայության կողմից ներկայացնել այս խնդիրները: Կարծում եմ՝ միանշանակ չէ այս հարցի պատասխանը: Այո´, Հայաստանի Հնարապետությունը, և սա քաղաքական ջարդ չէ, բայց Հայսատանի Հանրապետությունը պետք է դառնա իրավական, սահմանադրական, իր իրավունքները ճանաչող, որակյալ պետություն, որ կարողանա ներկայացնել ՀՀ-ին վերաբերող իրավունքներ ու շահեր:

Երկրորդ՝ արդյո՞ք արևմտահայության ժառանգները պատրաստ են իքնակազմակերպվել, իրավասու դառնալ և նաև արևմտահայերի կողմից ներկայացնել իրենց պահանջները, մեր պահանջները և իրավունքները: Ես՝ որպես նախկին իրավաբան, միշտ երազել եմ, որ թիմով կգնանք դատարան: Իհարկե, բոլորս գիտենք, որ ռիսկային է, որովհետև դատավորը, վերջապես, մարդ է՝ ազդեցությունների ներքո, և միգուցե չարժե մեր բոլոր պահանջները այդ մի զամբյուղի մեջ դնել: Իրավականը և քաղաքականը պետք է զուգահեռ ընթանան: Թե ի՞նչ պետք է ներառի այդ բանակցային բովանդակությունը, պետք է որոշեն բանակցողները՝ Հայաստանի Հանրապետությունը, արևմտահայերը: Ճանաչում, մշակութային ժառանգություն, սահմանային ճշգրտում, դեպի ազգային օջախ վերադարձի իրավունք, հայ մարդու և իր բնօրրանի վերամիասնության երաշխիք… Եվ ահա այստեղ կա մարտահրավեր մեր ժողովրդին. արդյո՞ք մենք՝ երիտասարդից մինչև ալեհեր, պատրաստ ենք վերամիավորվել, ներկայանալ մեր պատմական բնօրրանում՝ հաշվի առնելով, որ այնտեղ կան հարյուր հազարավոր հայի արյուն ունեցող արևմտահայության շառավիղներ: Եվ սրա համար է, որ մենք թե´ քաղաքական, թե´ ժողովրդագրական, թե´ իրավական խնդիրներ ունենք լուծելու: Եվ պետք չէ շատ ուշացնել:

Վերջին, շատ վիճահարույց հարցը՝ մենք՝ որպես առաջին ցեղասպանության զոհերին ներկայացնող պետություն, ժողովուրդ, ազգ, ունե՞նք այնքան ինքնավստահություն ճանաչելու արդարներին՝ թուրքերին, քրդերին: Իհարկե մեծամասնությունը մասնակցեցին ցեղասպանության իրականացմանը, բայց մենք պետք է ունենանք այդ ինքնավստահությունը՝ ճանաչել առանձին ընտանիքների մարդասիրությունը, ինչպես նաև ունենալ ինքնավստահություն՝ ցեղասպանության ընթացքում բոլոր մնացածների՝ հույների, ասորիների, եզդիների կորուստն ընդունելու համար: Օրակարգը լայն է, անելիքը՝ շատ մեծ, ուստի հաջողություն եմ մաղթում մեր ազգային գործերին:

Մեկնաբանել