Թուրքիան խնդիր ունի հոգեբանական դաշտում. Հայկ Դեմոյան

Demoyan«Բանակցության երևանյան կենտրոնը» կազմակերպել է գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին» խորագրով, որը ՈՒՂԻՂ հեռարձակվում է ՍիվիլՆեթի կողմից: Գիտաժողովին «Վտանգներ և մարտահրավերներ Մեծ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին» թեմայով ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Եթե մենք փորձենք 2014-ի վերջին միջին վիճակագրական անձին, աշխարհի քաղաքացուն հարցնել, թե որն էր 2014-ի գլխավոր իրադարձությունը, ապա, հավատացեք, նա չի նշի Ուկրաինայի իրադարձությունները, ցեղասպանական գործողությունները Մերձավոր Արևելքում, իսկ տղամարդկանց մի հատվածը կասի, որ գլխավոր իրադարձությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Սա կարող է մի քիչ ցինիկ օրինակ լինել, բայց եկեք մեզ չզրկենք մի կարևոր գիտակցումից, մի շատ կարևոր հասկացությունից, որը հայերենում կոչվում է իրատեսություն: Երբեմն մեր մտքերը շարադրելիս, տրվելով հուզմունքին կամ մի բան արտաբերելուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է համահայկական, Մեծ Եղեռնի և դրա հատուցման հետ կապված խնդիրներին, չպետք է կորցնենք իրատեսության զգացումը: Որովհետև եթե կորցնենք այս իրատեսությունը, դեպքերը ստափ գնահատելու, դեպքերի հաջորդականությունը, դրանց հետագա զարգացումները վերլուծելու կարողություննը, մենք մեզ հերթական անգամ կդատապարտենք պարտության: Այս իրատեսության զգացումն է, որ պետք է ուղեցույց դառնա մեր հետագա ռազմավարությունը ճշգրտելու, ձևակերպելու, համատեղ աշխատելու օրակարգը ձևավորելու գործում:

Այո, ցավոք սրտի, աշխարհն այսպիսին է 21-րդ դարում: Ես սա չեմ ասում հիասթափեցնելու համար: Ես սա ասում եմ՝ իրատեսության ելակետից ելնելով, որպեսզի մենք ավելի գիտակից և ուժեղ դառնանք մեր խնդիրները ձևակերպելիս և դրանց ուղղությամբ աշխատելու ընթացքում:

Այսօր աշխարհում կան բազում ու բազմապիսի հիմնխնդիրներ: Այս տարվա ընթացքում գոնե մեզ պարտադրեցին գունավոր, օնլայն ռեժիմով տեսնել զանգվածային մարդասպանություն նույն այն տարածքներում, որտեղ տեղի էին ունենում հայերի կոտորածները: Սա ամենասոսկալի երևույթն է, որը մենք չենք գիտակցում կամ գտնվում ենք գիտակցման փուլում: Ո՞րն էր աշխարհի արձագանքը: Այն գրեթե չեղավ:

Այսպիսով, շատերի համար մեր խնդիրը խնդիր չէ մինչև այն պահը, երբ այդ խնդիրը կդառնա սեփական շահերից բխող որևէ քայլի իրագործում՝ կլինի դա սեփական դաշնակցի, թե հակառակորդի դեմ: Համար մեկ խնդիրը, որ պետք է ձևակերպենք, այն է՝ երբեք չպետք է թույլ տանք, որ մեր՝ համահայկական կարևորության հարցերը դառնան այլ երկրների քաղաքականության կամ անվտանգության մանրադրամ, ինչպես, ցավոք սրտի, եղել է նախկինում և ինչպես լինում է մեր օրերում: Դրա գլխավոր նախապայմաններն են հզոր պետականությունը և հզոր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ունե՞նք այդպիսի հարաբերություններ և այդպիսի իրավիճակ: Հարցը թողնում եմ հռետորոկան: Յուրաքանչյուրդ կարող եք պատասխանել, իսկ եթե չեք կարող պատասխանել…ներուժի իսկական ցուցադրությունը կարող են լինել համահայկական հանգանակության չափերը: Դա ևս վտանգ է պարունակում իր մեջ:

Հայոց ցեղասպանության, դրա հետևանքների վերացման հարցը անվտանգության հարց է: Դա պատմության, հուզումնալից, նույնիսկ իրավունքի հարց չէ: Այն Հայաստանի Հանրապետության և Սփյուքի անվտանգության գլխավոր հիմնաքարն է: Նրանք, ովքեր առաջադեմ երևալու համար խոսում են այն մասին, թե որքան կարելի է խոսել Ցեղասպանության մասին, հոգնեցինք և այլն…այս մարդկանց կարծիքները, ինչպես և ժխտողականության երևույթը կարելի է դիտել միայն հոգեբուժական դաշտում: Չի կարելի Հայոց ցեղասպանության հարցը դիտել որպես պատմության, անցյալի ինչ-որ վերջացած հարց: Ցեղասպանության հարցը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալը չէ, թանգարան այցելելը չէ, այլ յուրաքանչյուր հայի համար գիտակցումն է, որ դա վերաբերում է իրեն այնքանով, որքանով նա հանդիսանում է ժամանակին իսպառ բնաջնջման առաջ կանգնած խմբի մասնիկը: Եթե դու չես ընդունում, ապա դու հրաժարվում ես քո ինքնությունից: Ուրեմն, Ցեղասպանության հարցը ինքնության, պատկանելության, քաղաքացիության հարց է:

Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ոչ թե խոսում ենք անցյալի մի չարչկված հարցի, այլ ապագայի, ապագայի երաշխիքների, մեր երեխաների ու սերունդների մասին: Շատ կարևոր է հարցի ձևակերպումը: Ժամանակին սխալ ձևակերպման հետևանքով այն ամբողջովին հայտնվել է հուզականության դաշտում, և այդ է պատճառը, որ երիտասարդներից շատերը փորձում են խուսափել այս թեմայից:Մենք ապրում ենք մի երկրում, որը գտնվում է չհայտարարված պատերազմի մեջ մեզանից 20-30 անգամ հզոր պետության հետ և շրջափակված՝ 100 անգամ հզոր պետության կողմից:

Երբեմն ինձ ասում են՝ շանս չունեք: Ես գիտակցում եմ ասածի իմաստը, բայց կատակի եմ վերածում պատասխանը՝ ասելով՝ բայց գոնե լավատեսներ ենք առնվազն վերջին 3 հազ. տարվա ընթացքում: Բայց այստեղ լավատաեսության հարցը չէ: Այստեղ պարզ գիտակցման հարցն է: Եթե դու այս երկրի քաղաքացին ես, պետք է գիտակցես մի կարևոր բան՝ այս երկիրը հզորացնելով ու հարգելով այդ գաղափարը, դու հարգում ես Ցեղասպանության զոհերի հիշատակը: Սա շատ կարևոր է հզոր պետականություն և գիտակից քաղաքացիներ ունենալու տեսանկյունից:

Պատկերացրեք՝ ձեր ամբողջ գիտակից կյանքում հավատացել եք մի բանի: Գալիս է մի պահ, որ դուք հասկանում եք, որ սխալ եք, բայց շարունակում եք պնդել, որ ձեր իմացածն է ճիշտը: Ապա գալիս է մյուս փուլը, երբ դուք պետք է վերաշարադրեք ամբողջ կյանքում հավատացած գաղափարը և ընդունեք, որ սխալ էք: Այս օրինակը տեղափոխենք Թուրքիայի պարագայում: Երկիրն անընդհատ՝ որպես պետական քաղաքականություն, անվտանգության բաղադրիչ, շարունակ մատուցել է խնդիրը սեփական քաղաքացիներին և ամբողջ աշխարհին: Այո, այսօր Թուրքիան որոշակիորեն մեկուսացման մեջ է հայտնել: Այլևս ակադեմիական դաշտում, շատերի համար փաստ է, որ կատարվածը ցեղասպանություն է, և Թուրքիան շարունակաբար զբաղվում է ժխտողականությամբ: Թուրքիան խնդիր ունի հոգեբանական դաշտի մեջ: Ես չեմ ուզում ժխտել այն իրողությունը, որ Թուրքիայի վախերը կապված են հատուցման, տարածքային կորուստների, խոշոր ֆինանսական փոխհատուցման հետ: Բայց ես ցանկանում եմ մի շատ կարևոր հանգամանքի անդրադառնալ, որը հոգեբանական հետևանքն է: Պատկերացրեք՝ մի երկիր իր քաղաքացիների առջև անընդհատ պնդել է սեփական ճշմարտացիությունը, և եկել է մի պահ, երբ պետք է իշխանական վերնախավը կանգ առնի ու ասի հակառակը: Սա կհանգեցնի տոտալ փլուզման, որը տեղի չի ունենա միանգամից՝ մեկ-երկու տարվա մեջ, այլ կսկսվի գործընթաց: Սա թուրքական պետության, ազգայնականության համար ամենամեծ հարվածներից մեկը կլինի, երբ նրանք շեղվեն ընտրված գծից և ընդունեն իրենց սխալը: Նրանք գիտակցում են այս հոգեբանական փլուզման աղետալի հետևանքները: Ես դույզն-ինչ չեմ կասկածում, որ շատ քիչ է մնացել, որ հետևողական աշխատանքի արդյունքում Թուրքիայի նոր սերունդը ավելի հասու կդառնա, և ավելի կխորանա թուրքական պետության ու հասարակության միջև անդունդը: Ահա յաստեղ պետք է աշխատենք, որպեսզի խորացնենք այդ անդունդը: Այստեղ պետք է տեսնենք մեր խնդիրների լուծման բանալիներից մեկը: