Դեկտեմբերի 8-25-ը արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Բնապահպանության նախարարի հրամանով՝ սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, դեկտեմբերի 8-25-ը ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը, հաղորդում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Բնապահպանության նախարարության, ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանա լճի հարակից համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման միջոցառումներ իրականացնելու հարցով:

Խորհրդակցության սկզբում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ստորագրել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագիրը:

Բնապահպանության նախարարի հրամանով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 8-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը, շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա:

Համատեղ միջոցառումների ծրագրով սահմանվել է, որ Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող համայնքների բնակչության հետ պետք է տարվի համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն նշված գետերի հունի երկայնքով: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է իրականացնել Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում, ինչպես նաև կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում և լիճ թափվող գետերի վրա:

Նոյեմբերի 12-ին Սևանա լիճ էր բաց թողնվել 367 հազար մանրաձուկ՝ 167 հազար գեղարքունի և 200 հազար ամառային իշխան:

Մեկնաբանել