Սելեկտիվ աբորտների դեմ ակցիա՝ Հյուսիսային պողոտայում

Hyusisayin-AkciaԱյս պահին Հյուսիսային պողոտայում տեղի է ունենում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ ակցիա։ Ակցիայի կազմակերպիչները աղջիկ երեխաների կոշիկներ են տեղադրել և գրություններ հետևյալ բովանդակությամբ՝ «Լիլիթ. ես չծնվեցի, քանի որ աղջիկ էի», «Տաթևիկ. ես չծնվեցի, քանի որ առաջնեկն անպայման պետք է տղա լինի», «Անի. Ես չծնվեցի, քանի որ չէի կարող կրել հորս ազգանունը» և այլն:

Ակցիան անցկացնում է «Հայաստանի չծնված աղջիկները» ֆեյսբուքյան նախաձեռնությունը՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ՍիվիլՆեթի տաղավարում կարդացած դասախոսության շրջանակում նշել էր, որ Հայաստանի ժողովորդագրական խնդիրները պայմանավորված են նաև սելեկտիվ աբորտներով: Նրա խոսքով`Հայաստանում հետևյալ պատկերն է՝ 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով, այսինքն՝ 10%-ից ավելի շեղում կա։ Նորման 102-106-ն է:

«Դա բնության կողմից դրված նորմա է, որովհետև տղա պտուղը ավելի թույլ է ֆիզիկապես և առողջապահական առումով, և նրա՝ մինչև վերարտադրողական տարիքի հասնելու հավանականությունը ավելի քիչ է, քան աղջիկ երեխայինը։ Այդ առումով՝ այս բալանսը բնությունը կարծես պահպանել է։ Բայց, ցավոք, Հայաստանն այս ցուցանիշով երրորդն է աշխարհում՝ Չինաստանից (118) և Ադրբեջանից (116) հետո»,- ասել էր Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով` այսօրվա դրությամբ տարեկան մոտ 1500 աղջիկ չի ծնվում միայն այն պատճառով, որ աղջիկ է: Տղա երեխայի նախընտրությունը միջինը վեց անգամ ավելի է Հայաստանում. տասը անգամ՝ շրջաններում, չորս անգամ՝ Երևանում։ Դասախոսությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալայստեղ:

Սելեկտիվ աբորտների թեմային ՍիվիլՆեթի անդրադարձը կարող եք դիտելայստեղ, իսկ խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան ֆլեշ-մոբի մասին տեսանյութը`այստեղ:

Մեկնաբանել