Հրանտ Դինքի մարդասպանը՝ սպանության գործով «վկա»

Օգյուն Սամասթ Օգյուն Սամասթ

Պոլսում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը դեկտեմբերի 5-ին դատարան է կանչվել, սակայն ոչ որպես սպանությունն իրականացրած անձ, այլ որպես վկա:

Ըստ Ագօս պարբերականի՝ Օգյուն Սամասթը նամակ է հղել Հրանտ Դինքի սպանության գործը վարող դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանին՝ նշելով, որ ցանկանում է խոսել սպանության մասին:

Սամասթը Ստամբուլի դատարան է բերվել Քանդիրա բանտից: 2011թ. Օգյուն Սամասթը դատապարտվել էր 21 տարվա և 6 ամսվա ազատազրկման «Ակօսի» խմբագրապետի սպանության համար: Մինչդեռ դեկտեմբերի 5-ին ընթացիկ հետաքննության շրջանակում Սամասթը կանչվել է դատարան՝ որպես գործով վկա: Ըստ Hurriyet-ի՝ ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը դատարանի շուրջ, որտեղ ցուցմունք էր տալիս Սամասթը:

Ստամբուլի ոստիկանությունը պետք է պաշտպաներ Դինքին. Յըլմազեր

Հրանտ Դինքի սպանության գործը վերաբացվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ Դինքի՝ կյանքի հիմնարար իրավունքը խախտվել է: Գործի շրջանակում հարցաքննության են կանչվել Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի բազմաթիվ աշխատակիցներ, որոնց թվում՝ Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որն այս տարվա հուլիսի 23-ից կալանքի տակ է գտնվում ապօրինի գաղտնալսումների գործով:

Դեկտեմբերի 4-ին Յըլմազերը, Today’s Zaman-ի հաղորդմամբ, իր փաստաբանի միջոցով հայտարարել է, որ ինքը չի կարող պատասխանատու լինել Ակօսի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության համար, քանի որ այդ ժամանակահատվածում ինքն անգամ Ստամբուլում չի աշխատել:

Յըլմազերը հավելել է, որ մեղավորը Ստամբուլի ոստիկանությունն է, որը չի կարողացել պաշտպանել Դինքին՝ չնայած նախապատրաստվող սպանության մասին հետախուզական տեղեկություններին:

Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Յըլմազերը հարցաքննվել է որպես կասկածյալ:

Իր ցուցմունքում Յըլմազերն ասել է, որ սպանության ժամանակահատվածում ինքն աշխատում էր Անկարայում: Նա նշել է, որ Ստամբուլի ոստիկանությունը պարտավոր էր թիկնապահներ տրամադրել Դինքին՝ տեղեկանալով, որ վերջինս վտանգի մեջ է, իսկ իրեն հանցագործության հետ կապելը պարզապես զրպարտանք է:

Դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանին հինգ ժամ ցուցմունք տալու ընթացքում Յըլմազերն ասել է, որ այդ ժամանակ աշխատում էր Անկարայի ոստիկանության հետախուզական վարչությունում, և իրեն առաջադրվող մեղադրանքները կապված են Տրապիզոնի ոստիկանությունից իր վարչություն ուղարկված երկու զեկույցների հետ, որոնք տեղեկացնում էին, որ Դինքը վտանգի մեջ է:

Յըլմազերի խոսքով՝ ինքն այդ պահին արտերկրում էր, հետևաբար՝ չի տեսել այդ զեկույցները: Դինքի սպանության գործով կասկածյալը նաև նշել է, որ բոլորը գիտեն՝ ինչպես է դա աշխատում, սակայն ինչ-որ մեկը ցանկանում է, որ ինքը կասկածելի կեցվածք ունենա: Ներկայում Ալի Ֆուաթ Յըլմազերը կալանքի տակ է գատնալսումների գործի շրջանակում:

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն, արձագանքելով Յըլմազերի հայտարարությանը, նշել է, որ այն «իրականության հետ որևէ կապ չունի». կան պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ իրավապահները տեղյակ էին Դինքին սպառնացող վտանգի մասին:

Հրանտ Դինքը սպանվել է «Ակօսի» խմբագրության առջև 2007թ. հունվարի 19-ին: Մարդասպան Օգյուն Սամասթի հետ միասին դատարանի առաջ կանգնել է ևս 18 անձ: Դատավարության ընթացքում Դինքի ընտանիքի փաստաբանները վկայություններ են ներկայացրել, որ Սամասթը միայնակ չի գործել: Գործով մեկ այլ կասկածյալ Յասին Հայալը ցմահ ազատազրկվել է Սամասթին սպանության դրդելու համար: Մինչդեռ Էրհան Թունջելը, որն աշխատել է որպես Տրապիզոնի ոստիկանության տեղեկատու և որը մեղադրվում է Դինքի սպանության կազմակերպման մեջ, մեղավոր չի ճանաչվել:

Մեկնաբանել