Օլանդը և Պուտինը չծրագրված հանդիպում են ունեցել օդանավակայանում

Putin-HollandeՄոսկվան ակնկալում է կարճատև ժամանակում վերջնական որոշման ընդունում Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման հարցով: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ «Վնուկովո» օդանավակայանի դիվանագիտական տերմինալում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Օլանդը կանգառ էր արել Մոսկվայում՝ Ղազախստան կատարած այցից հետո Փարիզ վերադառնալու ճանապարհին: Բանակցությունները նախապես ծրագրված չէին. այցը համաձայնեցվել է մեկ օր առաջ: «Լինում են պահեր, երբ մենք պետք է հնարավորություններ փնտրենք։ Սա այդպիսի մի պահ էր»,- ասել է Օլանդը։

Բացելով հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահը միանգամից առաջարկել է անցնել Ուկրաինայում իրավիճակի քննարկմանը:

Օլանդի խոսքով՝ Ռուսաստանի փոխհարաբերություններն Արևմուտքի երկրների հետ պետք է կառուցվեն անկեղծության հիման վրա: «Մենք պետք է խուսափենք նոր պատերի առաջացումից, որոնք կարող են մեզ բաժանել: Այսպիսի պահերի պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ պատնեշները հաղթահարելու և որոշումներ գտնելու համար»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:

Հանդիպումից հետո Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին: Ռուսաստանի նախագահը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել «շրջափակման տարրերը Ուկրաինայի արևելքում, այլապես՝ դժվար կլինի պատկերացնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը»: