Հայոց ցեղասպանությունը հավերժ կապրի մեր հիշողություններում. Ուրուգվայի փոխնախագահ

AstoriԵրևան այցից առաջ Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին Կարասկո միջազգային օդանավակայանում զրուցել է Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի ներկայացուցչի հետ` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նպատակների մասին:

«Հայոց ցեղասպանությունը հավերժ կապրի մեր հիշողություններում: Չկա պատմություն կամ ապագա առանց հիշողության»,- արգենտինական Prensa Armenia գործակալությունը մեջբերում է Աստորիի խոսքերը:

«Հուսով եմ` իմ ուղևորությունը կօգնի հետագայում ավելի ամրապնդել ընկերական հարաբերությունները հրաշալի երկիր Հայաստանի հետ»,- հավելել է Ուրուգվայի փոխնախագահը:

Դանիլո Աստորին պաշտոնական այցով Երևան է ժամանել դեկտեմբերի 5-ին՝ հայաստանցի իր գործընկերների հրավերով: Սա ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան։

Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը 1965թ. պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս տարվա հուլիսին Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա իր տարածաշրջանային այցի ընթացքում եղել էր նաև Ուրուգվայում:

Մեկնաբանել