Ռուսաստանը խանգարում է ԵՄ ինտեգրվել ցանկացողներին. Մերկել

Merkel_550Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտում է հետխորհրդային երկրների՝ առաջին հերթին Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ներքին գործերին, որոնք ձգտում են ինտեգրվել Եվրամիությանը:

«Մեր արևելյան երեք հարևաններ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ընդունել են ինքնիշխան որոշում՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին: Ռուսաստանը դժվարություններ է ստեղծում այս երեք երկրների համար»,- ասել է Մերկելը Welt թերթին տված հարցազրույցում:

Մոսկվան հերքում է Ուկրաինայի ճգնաժամում ցանկացած մասնակցությունը և Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի և ռազմական տեխնիկայի ներկայության մասին տեղեկատվությունը:

Մերկելն ասել է, որ նախկինի պես ճիշտ է համարում, որ 2008թ. չի սկսվել Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գործընթացը: Սակայն, ինչպես հավելել է կանցլերը, ՆԱՏՕ-ն պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում պաշտպանել արևելաեվրոպական երկրներից նրանց, որոնք արդեն ՆԱՏՕ-ի անդամ են, այդ թվում Լեհաստանին և Մերձբալթյան երկրներին:

«Մերձբալթյան երկրներում պատերազմի մասին խոսելու պատճառ չկա, սակայն ՆԱՏՕ-ի համաձայնագրի հինգերորդ հոդվածը, ըստ որի՝ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը ընդունվում է որպես հարձակում բոլորի վրա, ուժի մեջ է»,-նշել է Մերկելը:Ռուսաստանը մշտապես և կտրականապես դեմ է արտահայտվում արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Մեկնաբանել