Nevermore. Սամվել Մկրտչյանի հիշատակին

Samvel MkrtchyanՆրա մասին ամեն ինչ կարող է ասվել միակ անգամ: Թեպետ այդ միակ անգամը հազիվ թե ունենա նույն ծավալը, ինչ ինքն էր: Նրա դեմքով եկավ ուրիշ գիրը, որը լցված էր հայերեն լինելով: Մասնավորապես, Էդգար Ալան Պոյի «Ագռավը»: Հետո՝ այնքան հիանալի «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ»-ը: Հետո՝ այնքան քրիստոսյա Վիլյամ Սարոյանը: Հետո՝ այնքան առաձգական «Ուլիսեսը»: Ի՜նչ հայերեն տեսանք, Աստված իմ, ինչ հմայք տեսանք ձեռքի ընթացքի:

Այդ տարիներին հարյուր հազարավոր էին նրանք, որոնք ընդամենը արև էին փնտրում ձմռան մեջ, «ինչ սոսկ ապրում է, կարող է սոսկ մեռնել» (Թոմաս Էլիոթ): Այդ տարիներին ամենևին էլ էական չէր, թե ինչ է հայերենը և ովքեր կամ ինչու են խոսում նրանով: Այդ տարիներին նա թարգմանում էր: Որովհետև բռնել էր հայերենը: Որովհետև հայերենը նրա մեջ չէր սպասում: Որովհետև հայերենը կարծես թե բոլոր լեզուների վերջնական հաշվետվության «գրասենյակն» է: Որովհետև հայերենը վերջապես լինելու էր ուրիշ գրերի իրական լեզուն: Նրա առիթով է ասվել՝ թարգմանիչը ուրիշի ստեղծագործության հեղինակն է: Երբ 2001-ին նրա թարգմանությամբ առաջին անգամ կարդացի Վիլյամ Ֆոլքների «Աբիսողոմ, Աբիսողոմ»-ը, ոչինչ չհասկացա: Ինձ զգուշացրել էին: Բայց չէին ասել, որ լեզուն դրա հետ կապ չունի: Պարզ բանաստեղծություն էր քաոսի մասին, որը վերջում, ամենավերջում որոշակիանում է որպես Ճակատագրի ձեռնարկ: Որովհետև ճակատագիրը ներկայանում է միշտ վերջում: «Աբիսողոմի» տագնապը տեսանելի էր: Այսինքն, տեսանելի էր մի հետևողական ողբերգության հմայքը: Երկրորդ անգամ կարդացի յոթ տարի հետո: Այդ ժամանակ հասկացա՝ հնարավոր չէ սա թարգմանել առանց մի քիչ սրա հեղինակը լինելու:

Ես անգլերեն վատ գիտեմ: Բայց առաջին անգամ իմացա, որ կյանքը սոսկ հանգամանքներ չէ, որ Էդիպը, Անտիգոնեն, Ուլիսեսը, Հիսուսը, Ֆաուստը, Համլետը կամ Թոմաս Սաթփենն ավելի հնարավոր են, քան՝ ես: Որովհետև առաջին անգամ պարզ տեսա, որ կյանքը հետևողականություն է, որտեղ գոյություն ունեն դերեր, որ մարդիկ հենց իրենց վերապահված դերն են, նույնիսկ եթե «մարդն իր ապագան տարբեր ուղղություններով է կառուցում, ոչ միայն՝ մարմնի ուղղությամբ» (Վիլյամ Ֆոլքներ, «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ»): Եվ որ նախախնամությունը աշխատում է մահվան հետ:

Ես նրա լեզվով կարդացի Վիլյամ Սարոյանին: Եվ տեսա նաև, որ մանկության մեջ անգամ, ինչպես ամբողջ ճակատագրի մեջ, բառերն իրենց տեղում են միշտ: Եվ տեսա նաև, որ մարդը ավելանում է ու չի հասցնում լինել իմաստի ներկայացուցիչը: Եվ տեսա նաև, որ թարգմանելին քո չապրածը և ուրիշի ապրածի փորձառությունը չէ, թարգմանելին դու ես հավերժականի մեջ, որի ամեն ակնթարթը որբ է: Հետո ազդարարվեց, որ հայերեն լույս է տեսել «Ուլիսեսը»՝ նա հնգաքայլ առաջացավ եզանկաշե ճռճռոցով: Կամ՝ «Մսյո դը լա Պաիսը,- հեգնեց Սթիվնը,- մահից տասնհինգ րոպե առաջ դեռ ողջ էր»: Նրա, գրեթե ամենքի կյանքի գործը: Որտեղ ամեն ինչ հնարավոր էր: Հայոց լեզվի վճռական գանձարանը: Որը միայն ավելացրեց հարցերը:

«Ուլիսեսում լեզվական բոլոր շերտերը կան»: Այո, այդ շերտերով այսօր էլ գրվում է միայն հայերեն: Սակայն ներկայացուցչականության համար պակասում էր անթարգմանելին: Եվ ի՞նչ: Երեք տարի շունչ քաշեց Լեոնարդ Քոհենով և Չարլզ Բուքովսկիով՝ Վան Գոգի ականջը մերժեց մի պոռնիկ: Ոչ մեկի հանճարը փոխարինվեց Ամբոխի հանճարով: Որովհետև ինքնուրույն էր գրել «Ուլիսեսը»: «Էլ ոչ թարգմանելու եմ, ոչ էլ տպեմ»: Հասկացա՞ք: Ինչպես ամփոփում են տրված ժամանակը: Ինչպես ընդունում են կամքը Նրա այստեղ և այլուր: Այսինքն, կարդաց Ճակատագրի բոլոր բառերը և տեսավ ժամանակը, որը կարող էր շարունակություն չունենալ: Եվ չասաց իր բառերը, և չտվեց իր անունը, այլ եղավ ինչպես Բոնը՝ Բարին, հանդարտ, կիսանուն և իմացյալ: Եվ ապրելու բան էլ չէ օրը, երբ պիտի գնաս: Լինելու համար բոլոր շարունակություններն արված են և նույնիսկ տեղ է թողնված մխիթարության՝ հարազատի մահվան լավագույն գիծն այն է, որ այդ մահը հեշտացնում է մերը:

Մեկնաբանել