Financial Times-ը՝ դրամի և լարիի անկման մասին

dram-money-pogh-11-copy1Բրիտանական Financial Times պարբերականն անդրադարձել է ռուսական ռուբլու անկման ֆոնին հայկական և վրացական արժույթների արժեզրկմանը։

Ռուսական ռուբլու փոխարժեքի ցնցումները զգացվում են նախկին Խորհրդային Միությունում․ վրացական արժույթը՝ լարին, արժեզրկվել է դոլարի նկատմամբ՝ սահմանելով ավելի քան տասը տարվա նվազագույն փոխարժեքը, իսկ հայկական դրամը՝ ամենացածր փոխարժեքը 2006-ից ի վեր, գրում է պարբերականը։

«Ռուսաստանի հարևանները սերտ կապված են իրենց նախկին վերադասի տնտեսության հետ առևտրային կապերի և դրամական փոխանցումների միջոցով։ Ռուբլու անկումն ազդում է նրանց արժույթների վրա։ Տարեսկզբին Ղազախստանը ստիպված դիմեց տենգեի արժեզրկմանը, երբ ռուբլին արձանագրեց առաջին անկումը, և այժմ ճնշումը Հայաստանի և հատկապես Վրաստանի վրա է»,- նշում է Financial Times-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ վրացական լարին դեկտեմբերի 5-ին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4․4%-ով՝ նոյեմբերի սկզբից՝ 14․4%-ով, հայկական դրամը՝ 1․4%-ով՝ նոյեմբերի սկզբից՝ գրեթե 10%-ով։

Հարավաֆրիկյան Standard Bank-ի վերլուծաբան Թիմոթի Էշը թերթին ասել է, որ Ռուսաստանը կարևոր գործընկեր է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար․ երկու երկրներն էլ օգուտ են ստանում աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներից, արտահանումը Ռուսաստան նույնպես բավական զգալի է երկու երկրների համար։ «Երկուսն էլ գյուղատնտեսական ապրանքների զգալի արտահանում ունեն Ռուսաստան, և հույս ունեին օգտվելու Ռուսաստանի՝ արևմտյան որոշ ապրանքների ներկրման արգելքից։ Սակայն զգալի արժեզրկումը Ռուսաստանում ակնհայտ սպառնում է այս առևտրին»,- ասում է նա։

Մեկնաբանել