Զավակի գինը

Սեռով պայմանավորված աբորտների մասին իրազեկման ակցիայի ժամանակ տեղեկատվական գրքույկ վերցրեցի: Էջերից մեկում ներկայացված քարտեզը ստիպեց մտածել ու դժվար հետևություններ անել… ավելի ճիշտ՝ ընդունել մեր թերություններից ամենացավալին, երևի:

Screen Shot 2014-12-08 at 5.59.24 PMԱմեն անգամ, երբ մտածել եմ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների ծայրահեղ բարձր ցուցանիշի պատճառների մասին, գերակշռողը, կարծել եմ, թե պետք է այն մտահոգությունը լինի, որ հայ օջախին ավանդաբար ու հանգամանքների բերումով առաջին հերթին կռվող զինվոր ու պաշտպան տղա է պետք եղել: Մշտապես պատերազմող մեր երկրում ընտանիքը եղել է բանակը պահողը, և՝ հակառակը: Ամեն ընտանիք, սեփական գոյատևման ու անվտանգության նկատառումներով, պիտի զինվոր ունենար, որն ի վիճակի կլիներ պաշտպանել թե՛ սեփական տունը, թե՛ հայրենիքը: Այսինքն՝ աղջկա գոյությունը ոչ թե խանգարող էր, այլ երկրորդական, քանի որ աղջիկը չէր զորակոչվի, և այսպիսով՝ տղա զավակների առկայությունն ապահովելը ծնողների գերխնդիրն է դառնում: Սա, որքան էլ ցավալի, բայց հասկանալի հանգամանք է, որը գուցե կարելի էր հիմնավորել մեր ներկա աշխարհաքաղաքական իրադրության գիտակցմամբ կամ, օրինակ, արտաքին վտանգի շարունակական վախի գենետիկ հիշողությամբ:

Բայց, արի ու տես, որ էս հանգամանքը, իրականում, հերքվում է՝ վիճակագրության բերած արդյունքներով: Պարզվում է, որ Հայաստանի՝ ինքնապաշտպանության առկա և պոտենցյալ խնդիրներով հարուստ ու տան անվտանգությունն ապահովող զինվորի կարիքը, տեսականորեն, ամենաշատն ունեցող մարզում՝ Տավուշում (ինչպես նաև Սյունիքում), նորածինների սեռերի հարաբերակցության տարբերության ցուցանիշը (ընտանիքում բոլոր ծնունդների հաշվով) ամենաՑԱԾՐն է!!!

Այսինքն՝ հիմնավորված չէ ասել, որ հայը հրաժարվում է իր աղջիկ զավակից՝ առաջնահերթությունը տալով տան պաշտպան-տղաներին: Ընդհակառակը. ստացվում է, որ նրանք, ովքեր ամենամոտն են կանգնած պատերազմական իրավիճակին ու, ցավոք, նաև կյանքին սպառնացող արտաքին վտանգին, առավելագույնն են գնահատում Մարդուն՝ առանց սեռերի և ընտանիքում ունենալիք գործառույթների միջև տարբերություն դնելու: Փոխհրաձգությունների տակ գտնվող Սահմանը գնահատում է ԿՅԱՆՔԸ:

Իսկ մյուս մարզերում, նաև Երևանում, որտեղ տան անվտանգությանը սպառնացող նման վտանգ չկա էլ, ցուցանիշն ավելի բարձր է:

Այնպես որ, ստիպված եմ բացառել, որ զավակին կյանք չտալու որոշումը հայրենիքի ու ընտանիքի պաշտպանության մտահոգությամբ է թելադրվում: Պատճառները շատ ավելի նյութական, նունիսկ` նյութապաշտական են: Ստացվում է, որ մեր հայրենակիցների մի ստվար զանգված իրենց զավակներին դիտարկում են որպես անձնական շահ, որպես եկամուտ, լավագույն դեպքում՝ որպես ազգանուն… և ոչ՝ որպես պետության հիմք, մարդկային արժեք, կյանք, հոգի, զգացմունք:

Խնդիրն այն չէ, որ նրանք արժեվորում են տղային ու թերագնահատում աղջկան, համեմատությունը ոչ թե բուն սեռերի, այլ սեռին վերագրված խորհրդանիշների հարթության վրա է: Նրանք չեն ընտրում տղայի ու աղջկա միջև, այլ օգուտի ու բեռի:

Սա անձնական դիտարկում է՝ քարտեզի պատկերից ելնելով:

2013-ին UNFPA-ի հրատարակած “Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եվ վերլուծություն” խորագրով զեկույցը կարող եք կարդալ այս հղումով (քարտեզը՝ էջ 75):