ԿԲ-ն ինտերվենցիաներ կանի մինչև դրամը կայունանա

KBԿենտրոնական բանկը սկսած դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Ինչպես ասված է Կենտրոնական բանկի դեկտեմբերի 8-ի հայտարարության մեջ, նպատակը արժութային շուկայում ստեղծված իրավիճակի կարգավորումը, փոխարժեքի տատանումները հարթելը և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելն է:

«Հայաստանի ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ հետապնդելով նվազեցնելու Կենտրոնական բանկի ազդեցությունը դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը»,- ասված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ հասնելով մինչև 1 դոլարի դիմաց 470 դրամ սահմանին։

2009թ. մարտի 3-ին, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց 20%-ով, Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, և շուկայում ինտերվենցիաներ իրականացնում էր միայն փոխարժեքի խոշոր տատանումների դեպքում։