Պուտինից հետո Թուրքիայում է ԵՄ պատվիրակությունը

Ֆեդերիկա Մոգերինի և Յոհաննես Հան Ֆեդերիկա Մոգերինի և Յոհաննես Հան

Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ու ԵՄ Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսը դեկտեմբերի 8-ին երկօրյա այցով ժամանել են Թուրքիա:

Ինչպես ասված է ԵՄ պաշտոնական հաղորդագրության մեջ, ԵՄ պատվիրակության այցը Թուրքիա «ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ռազմավարական կարևորության և ընդհանուր շահերի ու մարտահրավերների ֆոնին համագործակցությունն ընդլայնելու ԵՄ ցանկության հզոր վկայություն է»:

Այցի ընթացքում նախատեսվում են Բարձր ներկայացուցչի և հանձնակատարների հանդիպումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և մի շարք նախարարների, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեկտեմբերի 9-ին Բարձր ներկայացուցիչ Մոգերինին և հանձնակատար Ստիլիանիդեսը կմեկնեն Գազիանթեփ և Քիլիս [գտնվում են թուրք-սիրիական սահմանին – ՍիվիլՆեթ], որտեղ կայցելեն փախստականների ճամբար:

Միջազգային հեղինակավոր լրատվականները, անդրադառնալով ԵՄ պատվիրակության՝ Թուրքիա այցին, գրել են, որ Մոգերինին և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անելու Թուրքիային լիարժեք մասնակցել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Ըստ հաղորդագրությունների՝ Մոգերինին նաև կոչ է անելու Թուրքիային միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին:

BBC-ի հետ զրույցում Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ «ճգնաժամը Սիրիայում մի բան չէ, որը կարող է լուծվել Բրյուսելում, սակայն ԵՄ-ն այդ հարցում ունի դերակատարություն, ինչպես օրինակ՝ ավելի շատ դերակատարների ներգրավում, որոնք կարող են նախաձեռնությամբ հանդես գալ»:

Reuters-ի հետ զրույցում ԵՄ-ի անանուն մի պաշտոնյա իր հերթին տեղեկացրել է, որ Միությունը ցանկանում է՝ Թուրքիան աջակցի օտարերկրյա զինյալների ինքնությունը հաստատելու և ռազմաօդային ուժերին ցանկացած սպառնացող վտանգի մասին նախազգուշացնելու հարցում:

Համոզել Թուրքիային միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին

Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններն ընթանում են 2005-ից, սակայն քաղաքական խոչընդոտները, որոնց թվում՝ Կիպրոսի բաժանված կղզու հարցը, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների բացասական դիրքորոշումը, դանդաղեցրել են բանակցային գործընթացը:

ԵՄ պաշտոնյաները հույս ունեն՝ Թուրքիայի նոր նախագահն ու վարչապետը, ինչպես նաև Բրյուսելում վերջին կադրային փոփոխությունները, հարաբերությունների զարգացման խթան կհանդիսանան:

ԵՄ պատվիրակության այցը Թուրքիա հետևում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Անկարա պետական այցին, որի ընթացքում Մոսկվան հայտարարել է «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը մասնակցությունից հրաժարվելու իր մտադրության մասին:

Ռուսաստանի նախագահն իր որոշումը բացատրել է եվրոպացի գործընկերների հետ առկա դժվարություններով և դժգոհել է նրանցից։ «Հաշվի առնելով Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, որը չի նպաստում այս նախագծի իրականացմանը, հաշվի առնելով այն, որ մենք ընդամենը վերջերս ենք ստացել Նիդեռլանդների համապատասխան ատյանի որոշումը, ճիշտ է՝ դրական որոշումը, հաշվի առնելով այն, որ մինչ այժմ չկա Բուլղարիայի թույլտվությունը՝ Ռուսաստանն այս պայմաններում չի կարող շարունակել այս նախագծի իրականացումը»,- նշել է նա։ Թուրքիա այցի ընթացքում ՌԴ նախագահը նաև հայտարարել է Անկարայի համար 6%-ով ռուսական գազի գնի իջեցման մասին։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև առևտրաշջանառությանը, ապա Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են դրա ծավալները մինչև 2020թ. հասցնել 100 մլրդ դոլարի: Ավելին՝ 2010թ. մայիսի 12-ին կնքված երկկողմ համաձայնագրով՝ «Աքքույու Էն-Ջի-Էս» ընկերությունը, որը ռուսական պետական «Ռոսատոմ» միջուկային ընկերության Թուրքիայում գործող մասնաճյուղն է, կկառուցի Թուրքիայի առաջին ատոմակայանը: Այսպիսով՝ երկու երկրների տնտեսական հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, ինչը չի կարող մտավախություններ չառաջացնել Բրյուսելում:

Ինչպես Reuters-ին ասել է ԵՄ-ի նույն անանուն աղբյուրը, Թուրքիան չի միացել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, և ԵՄ պաշտոնյաները շարունակելու են ջանքեր գործադրել ստիպելու համար Թուրքիային միանալ այդ պատժամիջոցներին կամ, առնվազն, չօգտվել ստեղծված իրավիճակից և չավելացնել առևտրի ծավալները Ռուսաստանի հետ՝ այնտեղ արտահանելով այն ապրանքները, որոնք պատժամիջոցներից առաջ արտահանում էր Եվրամիությունը: