Ծափահարություններ 23 տարի անց

eeuՔսաներեք տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին, Հայաստանի խորհրդարանը պատմական քվեարկություն կատարեց՝ միաձայն վավերացնելով Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից: Այդ քվեարկությունից երկու օր առաջ հայաստանցիները բացարձակ մեծամասնությամբ համաժողովրդական հանրաքվեում «այո» էին ասել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը: Խորհրդարանի պատերը արձագանքում էին որոտընդոստ ծափահարություններին:

2014 թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը պատմական մեկ այլ քվեարկություն կատարեց. 103 «կողմ», 7 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Քվեարկությունից հետո դահլիճում հնչեցին ծափեր, սակայն դրանք նման չէին 1991թ. սեպտեմբերի 23-ի ծափերին: Իսկ Ազգային ժողովի պատերից դուրս, մի քանի տասնյակ հայ քաղաքացիներ, դավաճանի պիտակ էին կպցնում այն պատգամավորներին, ովքեր «կողմ» էին քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Եթե Հայաստանի իշխանությունները նախքան դեկտեմբերի 4-ի քվեարկությունը համաժողովրդական հանրաքվե անցկացնեին, ապա, անկասկած, ձայների ակնհայտ մեծամասնությամբ հայաստանցիները կողմ կարտահայտվեին ԵՏՄ-ին միանալու առաջարկությանը: Սրանք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ են, որոնք անցկացրել են արևմտյան կազմակերպությունները: Հայերի մեծամասնության համար ԵՏՄ-ն նույն Ռուսաստանն է, որտեղից գալիս է Հայաստանի փողը, որտեղ աշխատանք են գտնում հարյուր հազարավոր հայաստանցիներ: Շատ հայերի համար Ռուսաստանը նաև անվտանգության երաշխավոր է, նրանց համոզմամբ՝ եթե չլինի Ռուսաստանը, թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանը կխեղդեն արյան մեջ: Իրատեսական սպառնալիք է սա, թե ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ այսպես են մտածում շարքային հայերը: Այդպես են մտածում նաև քաղաքական ուժերը, և դա հաստատեց դեկտեմբերի 4-ի քվեարկությունը:

Եթե ԵՏՄ-ն է անվտանգության երաշխավոր, ապա ինչպե՞ս բացատրել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: Եթե ԵՏՄ-ն է անվտանգության երաշխավոր, ապա ի՞նչ է անում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Եթե ԵՏՄ-ն է անվտանգության երաշխավոր, ապա ո՞րն է հայկական բանակի դերը: Իսկ եթե ՀԱՊԿ-ը հավելյալ անվտանգության երաշխիք է, ապա ինչո՞ւ է այն տնտեսական: Եվ ի վերջո, եթե չանդամակցելու դեպքում Ռուսաստանը պիտի վրեժ լուծեր Հայաստանից և նրան պատժեր, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել, երբ մենք այդ միության մեջ ենք:

Միակ պատգամավորը, ով «ձեռնպահ» քվեարկեց դաշնակցական, Աղվան Վարդանյանն էր: ՀՅԴ խմբակցության մյուս բոլոր պատգամավորները «կողմ» քվեարկեցին: Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ նույն միության մեջ լինելուն դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգություն» խմբակցությունը ողջ կազմով, որոնց մեջ էր նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկա էր դահլիճում, սակայն չքվեարկեց: ԲՀԿ-ից ավելի քան տասը պատգամավոր, այդ թվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կամ բացակայում էին պատմական նիստից կամ չքվեարկեցին:

Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ իշխանությունն ու ընդդիմությունը այսպիսի միասնականությամբ կողմ են արտահայտվում որևէ պայմանագրի վավերացմանը: Իշխող ՀՀԿ-ին միացան ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը: Այսպիսով, հունվարի 1-ից Հայաստանը կլինի ԵՏՄ-ի կազմում: Դա առաջին հերթին նշանակում է, որ հետխորհրդային այս չորս հանրապետությունները կգործեն մեկ միասնական տնտեսական դաշտում: Եթե Բելառուսը ընդհանուր սահման ունի Ռուսաստանի, իսկ վերջինս՝ Ղազախստանի հետ, ապա Հայաստանը այս երեք երկրներից և ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունի: Տարիներ առաջ, երբ Հայաստանի իշխանությունները դեմ էին արտահայտվում ԵՏՄ-ին, որպես խոչընդոտ նշում էին հենց ընդհանուր սահմանի բացակայությունը:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր էջ է բացում երկրի արտաքին քաղաքականության մեջ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին Հայաստանը որդեգրել էր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ռազմավարություն: Դա իրականություն չդարձավ, քանի որ անմիջական չորս հարևաններից երկուսը՝ Ադրբեջանը և Թուրքիան, որդեգրեցին և շարունակում են թշնամական քաղաքականություն իրականացնել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին Հայաստանը որդեգրել էր «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում էր բնականոն հարաբերություններ պահպանել համաշխարհային ուժային կենտրոնների՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հետ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց իրականացնել «և-և»-ի քաղաքականություն, այն է՝ համագործակցությունը խորցանել Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Ներկա պայմաններում, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը նոր Սառը պատերազմի փուլ են մտել, Հայաստանի ո՛չ աշխարհագրական դիրքը և ո՛չ էլ ներուժը թույլ չեն տալիս վարելու «և-և»-ի քաղաքականություն:

Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ ԵՏՄ-ին անդամակցելը չի վնասի ինչպես Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությանը, այնպես էլ՝ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները: Անկախ նրանից, կկայանա՞ ԵՏՄ-ն, թե՞ ոչ, Հայաստանը պետք է ձգտի հնարավոր բարձր մակարդակի վրա պահել հայ-վրացական և հայ-իրանական քաղաքական ու տնտեսական համագործակցությունը: Ընդհանուր սահմաններ չունենալով ԵՏՄ-ի հետ, Հայաստանի համար հայ-վրացական և հայ-իրանական գործընկերությունը կենսական է:

Ավելին, ժամանակն է, որպեսզի Հայաստանը հանդես գա արտաքին քաղաքական նախաձեռնություններով: Դրանց շարքում կարող են լինել եռակողմ Իրան-Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան-Թուրքմենստան և Հայաստան-Իրան-Հունաստան ձևաչափերով գործակցությունը: 1990-ականների կեսերին գործում էին արտգործնախարարների մակարդակով Հայաստան-Իրան-Թուրքմենստան և Հայաստան-Իրան-Հունաստան գործակցության ձևաչափերը: ԵՏՄ-ին անդամակցությունը չպետք է կապի Հայաստանի ձեռքերը և ոչ էլ սահմանափակի նրա ինքնիշխանությունը:

Մեկնաբանել