Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ. Գանտահարյան

Shahan-Kandaharian21Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ» վերնագրով` երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Սպիտակն ու Գյումրին հարվածած երկրաշարժից 26 տարի անց հարցումը մնում է հրամայական: Աղետի գոտին վերածվե՞լ է զարգացման գոտու: Իհարկե չի կարելի անտեսել այն ճիգերը, որոնք անցնող քսանամյակում կատարվել են պետական և հասարակական մակարդակներում` աղետի գոտին դուրս բերելու իր վիճակից: Բնակարանների շինարարությունից, ճանապարհաշինությունից մինչև ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում, կարելի է ասել, որ շրջանը դիմափոխվել է:

Հատկապես Գյումրին, իբրև երկրորդ կարևորագույն քաղաք, քաղաքաշինության համապետական ծրագրերի մաս է կազմում։ Հայաստանի Հանրապետության երևանակենտրոնությունը կամ Երևանից դուրս, մնացյալ քաղաքների և գյուղերի ոչ համաչափ զարգացման միտումների գործընթացը շրջելու համար, առաջին աշխատանքային վայրը Գյումրին կարող է նկատվել։

Իհարկե աշխատանքները բավարար չեն և ակնկալված արդյունքը դեռևս չի երևում այս իմաստով: Երևանակենտրոնությունն ու քաղաքների անհամաչափ զարգացումը միայն Գյումրուն կամ առհասարակ աղետի գոտուց զարգացման գոտու անցման խնդիր չէ: Սա համապետական խնդիր է, մանավանդ, երբ նկատի ունենանք ժողովրդագրական անվտանգության երեսը:

Աղքատության հաղթահարման ծրագրերի ոչ արդյունավետ աշխատելը հիմնական խոչընդոտ է ոչ միայն Գյումրու ու Սպիտակի, այլ նաև ամբողջ հանրապետության ոչ ակնկալված չափերով զարգացման ցուցանիշերի գրանցումը։

Մարդկանց հիշողության մեջ երկար քանդակված պիտի մնա կիսափուլ հրապարակային ժամացույցի երկրաշարժի ճիշտ ժամը սահմանող և այդպես էլ քարացած, անշարժացած սլաքները: Այդ օրից ի վեր այդ սլաքները որքա՞ն ժամանակի ճշգրտությամբ են շարունակել իրենց անընդմեջ երթը, դժվար է չափել: Դժվար չէ սակայն համոզվել, որ ժամանակի կշռույթով չի աշխատել երկրաշարժի ժամին կանգ առած ժամացույցը: Վերը նշված պատճառներով, կարևոր մասով:

Մնացյալ մասը անպայման մեր հանրապետության շրջափակումն ու հակառակորդների կողմից մեր երկրի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը չէ: Թեև է՛, կարևոր մասով:

Գյումրին Հայաստանի Հանրապետության ռազմավարական հատուկ գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության համար համարվում է զինվորակայան: Այնտեղ ռուսական ռազմակայանի կեցության համաձայնագրի վերանորոգումը երկարատև կտրվածքով, ռուսական ջոկատների նոր տեղակայումները և զինուժի նորագույն արտադրությունների Գյումրիում հայտնվելը համոզում են, քաղաքին կամ առհասարակ տարածքին ներկայացրած ռազմական և ռազմավարական կարևորությունը:

Իբրև Թուրքիայի սահմանակից հայկական քաղաք Գյումրուն տրված ռազմական այս նշանակությունը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական գործընկերները պիտի իմանան նաև, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի, ժամանակակից հասկացողությամբ իբրև ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարևորագույն երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:

Այս բոլոր հանգամանքների նկատառումով է միայն, որ պետք է մտածել, թե արդյոք կայացե՞լ է աղետի գոտուց զարգացման գոտի անցումը:

Մեկնաբանել