Մի՛ արժեզրկեք լրագրությունը

tokhmakh mher sedrakyanԱմեն անգամ, երբ գործընկերներս հարցազրույցի կամ մեկնաբանության համար դիմում են որոշ պատգամավորների (որոնք սեփական անունն առանց տառասխալների թերևս չեն կարող գրել)՝ որպես լրագրող ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու են իմ հարգելի գործընկերներն անում դա։ Ի՞նչ կարիք կա ամեն անգամ վազել Սամվել Ալեքսանյանի հետևից և խնդրել մեկնաբանել բիզնես միջավայրի վերաբերյալ որևէ օրեսդրական նախաձեռնություն կամ Մհեր Սեդրակայնին համոզել խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Պարզ է, չէ՞, և բազմիցս ապացուցված, որ այս պատգամավորները ոչ միայն չեն կարող մեկնաբանել որևէ բան, որին կողմ կամ դեմ են քվեարկել, այլև անգամ լրագրողի հնչեցրած հարցը։ Հետևաբար պատասխանն ու դրան հաջորդող երկխոսությունը արդեն ոչ թե լրագրություն է որևէ նպատակի համար, այլ հանրությանը հետագա մի քանի օրը խոսելու, սոցցանցերում քննարկումներ կազմակերպելու թեմա։

ԵՏՄ պայմանագրի վավերացումից հետո խորհրդարանի անցած քառօրյայի ավարտին դարձյալ մի խումբ լրագրողներ օղակել էին պատգամավոր Սեյրան Սարոյանին և պահանջում էին բացատրել, թե ինչու կողմ քվեարկեց պայմանագրի վավերացմանը: Եվ պարզվեց, որ ըստ գեներալ-պատգամավորի՝ «Հայաստանի միացումը Եվրանյուզին լայն հնարավորություններ է ստեղծում է երկրի զարգացման համար»։

Մհեր Սեդրակյանն ավելի հեռուն գնաց՝ ասելով, որ «մենք անազատ ու ազատության գինը չհասկացող ամբոխ ենք, որ սովոր ենք ապրել ուրիշի լծի տակ, ու եթե այդպես է եղել դարերով, ապա գոհ պետք է լինենք, որ այդ լուծը մեզ առաջարկում է ոչ թե թուրքը կամ պարսիկը, այլ մեր դարավոր բարեկամ ռուսը»։

Այսպիսի պատգամավորներին խոսեցնելն իսկապե՞ս կոչվում է լրագրություն։ Թույլ տվեք չհամաձայնել։ Մեր արածը կկոչվեր լրագրություն և ոչ վատ լրագրություն, եթե մենք ապրեինք մի երկրում, որտեղ կգործեր ընտրական մեխանիզմը, որտեղ պատգամավորի կամ պետական որևէ այլ պաշտոնյայի անվան հետ կապված նման բացահայտումները կարող էին ունենալ հետևանք, և նման ցինիկ ու անգրագետ հայտարարություններից հետո հանրությունը հաջորդ ընտրութունների ժամանակ քվե չէր տա Մհեր Սեդրակյանին, Սեյրան Սարոյանին ու խորհրդարանի այսօրվա երեսփոխանների մեծ մասին։ Մհերսեդրակյաններին հանրությունը չի ընտրել, և հանրությունը չէ, որ պիտի տեղեկացված լինի նրա հնարավորությունների և մտածողության մասին: Նա, ով պիտի տեղյակ լինի, վաղուց քաջատեղյակ է, ինչը չի խոչընդոտում նրան մհերսեդրակյաններին գործուղելու խորհրդարան, իսկ սուրիխաչատրյաններին՝ մարզպետարան։

Ի՞նչ շահեցինք կամ ի՞նչ հարց լուծեցինք հազար անգամ մեդիայում նման իրավիճակում հայտնված պատգամավորներին «բացահայտելով»… ոչինչ։ Հիմնավորումը, թե հանրութլունը կարիք ունի տեղեկացված լինելու, սին է, քանի որ հանրությունը վերահսկման մեխանիզմ չունի, նա չի ընտրում իր պատգամավորին և չի կարող նրան հետ կանչել ստանձնած պարտավորությունից: Միակ և առավելագույն հնարավորությունը, որ ունի հանրությունը, ստեղծված քաղաքական իրադրության պարագայում զայրույթի պոռթկումն է կամ անզորությունից բխող ծիծաղը։

Ցավոք այն, ինչ անում ենք մենք՝ լրագրողներս, անհետևանք չի մնում։ Ես չեմ անդրադառնա այն փաստին, որ Մհեր Սեդրակյանի մտքի գոհարները արտատպվեցին ադրբեջանական մամուլում: Դա այս պահին ամենաքիչ վնասն է, որ մենք մեր անզգուշության հետևանքով առաջացրինք: Իսկ այն, ինչ կարող է լինել հետո, շատ ավելի վտանգավոր է։

Սոցիոլոգիայի և լրագրության մեջ հաճախ կիրառվող բավական վտանգավոր գործիք կա, որի գործածումը հանրության մոտ առաջացնում է մեծամասնության մեջ լինելու ցանկություն։ Եվ սեդրակյանների ամեն նման հայտարարություն հղի է հետևանքով, որ քաղաքացին, չունենալով տեղեկատվությունը զտելու գործիք, կարող է «հարմարվել» այն մտքին, որ «ռուսի լուծն ավելի գերադասելի է, քան թուրքինը կամ պարսիկինը»։

Լրագրությունը հանրային տրամադրություններ ձևավորող հարթակ է և չի կարելի այն այսպես արժեզրկել:

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել