Թուրքիայում վախի մթնոլորտ է տիրում. Օրհան Փամուկ

Իր նոր վեպում Փամուկը բարձրաձայնում է Թուրքիայում կանանց դեմ ճնշումների հարցը Իր նոր վեպում Փամուկը բարձրաձայնում է Թուրքիայում կանանց դեմ ճնշումների հարցը

Թուրք հայտնի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը Թուրքիայում տիրող մթնոլորտը բնութագրել է որպես «վախի մթնոլորտ»:

«Ամենավատն այն է, որ վախ կա: Ես կարծում եմ՝ բոլորն են վախեցած. դա նորմալ չէ… Արտահայտման ազատությունը հասել է շատ ցածր մակարդակի»,- դեկտեմբերի 7-ին Hurriyet պարբերականի հետ զրույցում ասել է Փամուկը:

Նա մեղադրել է Թուրքիայի կառավարությանը մամուլի վրա ճնշում գործադրելու մեջ և քննադատել ընդդիմադիր լրագրողներին հետապնդելու համար:

«Բազմաթիվ իմ ընկերներ ինձ ասում են, որ այս և այն լրագրողները կորցրել են իրենց աշխատանքը: Այժմ նույնիսկ կառավարությանը շատ մոտ կանգնած լրագրողներն են լարվածության մեջ»,- ասել է 62-ամյա գրողը, որը բազմիցս բախվել է թուրքական պետության հետ:

Փամուկը նաև վրդովմունք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին այն հայտարարության առթիվ, թե «կանայք և տղամարդիկ հավասար չեն»:

Գրողը, խոսելով իր վերջին՝ «Խառնաշփոթ իմ մտքում» (թուրքերեն՝ Kafamda bir Tuhaflik – ՍիվիլՆեթ) վեպի մասին, անդրադարձել է Թուրքիայում կանանց դեմ ճնշումներին:

«Եթե Թուրքիային քննադատելու լինեինք դրսից, ապա առանցքում կլիներ հենց կանանց տեղը հասարակության մեջ»,- նշել է Նոբելյան մրցանակակիրն ու հավելել, որ Թուրքիայի քաղաքական գործիչները այս հարցի շուրջ անհեթեթ հայտարարություններ են անում, կարծես՝ ցանկանում են պայքար սկսել:

Օրհան Փամուկը ժամանակակից թուրք գրող է, մի շարք ազգային և միջազգային գրական մրցանակների դափնեկիր: 2006թ. արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի: 2005թ. թուրքական կառավարությունը Փամուկին դատի էր տվել 2005թ. փետրվարին շվեյցարական Das Magazin հրատակարությանը տված հարցազրույցում արտահայտության համար. «Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ և երեք հարյուր հազար քուրդ: Այդ մասին ոչ ոք չի խոսում, և ինձ ատում են այն բանի համար, որ ես խոսում եմ այդ մասին»: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են մոտ 60 լեզվով: Փամուկի «Ձյուն» վեպը թարգմանվել է հայերեն:

Օրերս Փամուկի «Ձյուն» վեպի առաջին հրատարակությունը Նյու Յորքում Christie’s աճուրդի տան կազմակերպած վաճառքի երեկոյի ընթացքում վաճառվել է 13 հազ. դոլարով:

Մեկնաբանել