Ուորլիքն ափսոսում է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում չկայացավ

James-Warlick_resizedԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրառում է արել՝ ափսոսանք հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը չեն կարողացել հանդիպում ունենալ անցյալ շաբաթ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նստաշրջանին։

«Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չկարողացան հանդիպել ԵԱՀԿ-ում։ Երկխոսությունը խաղաղ գործընթացի անհրաժեշտ մաս է»,- գրել է Ուորլիքը։

 

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանը կայացել է դեկտեմբերի 4-5-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։ Դեկտեմբերի 3-ին նա Բազելում հանդիպում էր ունեցել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) հետ։

Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դերսիմը դեկտեմբերի 4-ին հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի կործանումը ողբերգություն էր, որը կարելի էր կանխել։