Երևանն ու Պետերբուրգը համագործակցության ծրագիր կստորագրեն

5d3a2db72006d1d0d776387beb77104422b5622bԵրևանը և Սանկտ Պետերբուրգը համագործակցության հնգամյա ծրագիր կստորագրեն: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ հանդիպմանը, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ներկայում Երևանի և Սանկտ Պետերբուրգի փոխգործակցությունը զարգանում է 2011-2014 թթ. համագործակցության ծրագրի շրջանակում: «Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է եռամյա համագործակցության համաձայնագրի ժամկետը, առաջարկում եմ այն թարմացնենք և արդեն հաջորդ համաձայնագիրը ստորագրենք հնգամյա ժամկետով: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է համապատասխան օղակների պատասխանատուներին Սանկտ Պետերբուրգի գործընկերների հետ քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը»,- ասել է Երևանի քաղաքապետը:

Պոլտավչենկոն Երևանը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի համար որպես կայուն և վստահելի գործընկեր է բնորոշել: Նա նշել է, որ իրենց կողմից ևս արդեն աշխատանքներ տարվում են նոր համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ, և վստահեցրել է, որ 2015թ. ապրիլին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվելու ժամանակ էլ կստորագրվի համագործակցության հնգամյա համաձայնագիրը:

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հրավերով մասնակցել է նաև թանգարանի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսությունների շրջանակում երևանյան պատվիրակության անդամները մասնակցել են Էրմիտաժի Գլխավոր շտաբի հիմնական ցուցադրությունների բացման արարողություններին:

2013թ. Երևանի քաղաքապետարանի կողմից Սանկտ Պետերբուրգում կազմակերպված Երևանի օրերի շրջանակում քաղաքապետարանի և Էրմիտաժի համագործակցությամբ կազմակերպվել էր ուրարտական ժամանակաշրջանին նվիրված հատուկ ցուցադրություն:

Մեկնաբանել