Կոչ աշխարհի հայերին՝ ապրիլի 22-24-ը հավաքվելու Ստամբուլում

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչում Ստամբուլում, ապրիլի 24, 2014։ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչում Ստամբուլում, ապրիլի 24, 2014։

ԱՄՆ-ում հիմնված հայկական Նախագիծ 2015 ոչ առևտրային խումբն ամբողջ աշխարհի հայերին կոչ է անում 2015թ․ ապրիլին մեկնել Ստամբուլ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հարգելու զոհերի հիշատակը։ Նախագիծ 2015-ն ու թուրքական DurDe իրավապաշտպան կազմակերպությունը՝ Թուրքիայում քաղաքացիական հանրության այլ խմբերի և ակտիվիստների հետ միասին ապրիլի 22-24-ին կազմակերպելու են ոգեկոչման մի շարք միջոցառումներ։

«Մենք միասին գնում ենք Ստամբուլ՝ հաստատելու մեր ներկայությունն ու հարատև կապը մեր նախնիների հողի հետ՝ նրանց աղետալի արտաքսումից մեկ դար անց։ Մենք այս ճամփորդությունը համարում ենք միջոց՝ պաշտպանելու մեր իրավունքները, պահանջելու արդարություն մեր նախորդ սերունդների համար և հավասարություն՝ Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների համար՝ անկախ նրանց ազգությունից, կրոնական պատկանելությունից կամ լեզվից»,- ասված է Նախագիծ 2015-ի հայտարարությունում։

Կազմակերպիչները լիահույս են, որ Ստամբուլում նախատեսված ոգեկոչման միջոցառումները կօգնեն միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Հայոց ցեղասպանության խնդրի վրա և հնարավորություն ու հարթակ կստեղծեն աշխարհով մեկ սփռված հայերի համար՝ Թուրքիայի կառավարությունից պահանջելու արդարություն և պատասխանատվություն։

«Որպես հայեր՝ մենք գնում ենք Ստամբուլ՝ հավերժացնելու դաժան կոտորածի ենթարկված մեր ընտանիքների անդամների հիշատակը և հիշեցնելու աշխարհին, որ 100 տարի անց մենք դեռ շարունակում ենք արդարություն և պատասխանատվություն ակնկալել Թուրքիայի կառավարությունից»,- ասում է Նախագիծ 2015-ի խորհրդի անդամ Սարա Լի Ուիթսոնը։

Սարա Լի Ուիթսոնի կոչը՝ ստորև։

Read the story in English