Ուզեն, թե չուզեն՝ սովորելու են օսմաներեն. Էրդողան

Ուզեն, թե չուզեն՝ սովորելու և սովորեցնելու են օսմաներեն. Էրդողան Էրդողանն ասում է՝ ուզեն, թե չուզեն՝ սովորելու և սովորեցնելու են օսմաներեն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներքաշվել է թեժ բանավեճի մեջ, որը վերաբերում է երկրի ավագ դպրոցների կրթական ծրագրում օսմանյան լեզվի դասընթացներ ներառելու հարցին: Էրդողանի խոսքով՝ դասընթացները կընդգրկվեն ծրագրում՝ «չնայած այն ամենին, ինչ խոսվում է»:

«Կան մարդիկ, որոնք չեն ցանկանում սովորել և սովորեցնել օսմաներեն: Սա շատ մեծ վտանգ է: Ուզեն, թե չուզեն՝ սովորելու և սովորեցնելու են օսմաներեն»,- Anadolu թուրքական պետական գործակալությունը մեջբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նման հայտարարություն է արել դեկտեմբերի 8-ին Անկարայում՝ Կրոնական հարցերի վարչության (Diyanet) կրոնական խորհրդի նիստի ժամանակ:

Էրդողանի խոսքով՝ «ոմանց անհանգստացնում է, որ այս երկրի զավակները օսմաներեն են սովորում, սակայն օսմաներենը հին թուրքերենն է, այն օտար լեզու չէ»:

«Պետք է իմանա՞նք, թե՞ ոչ՝ գերեզմանաքարերի վրա ինչ է գրված: Այդ գերեզմանաքարերի վրա պատմական տեղեկություններ կան», – նկատել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայի ավագ դպրոցների կրթական ծրագրում օսմանյան լեզուն որպես պարտադիր դասընթաց ներառելու հարցը բուռն բանավեճերի առարկա է դարձել: Շատերի կարծիքով՝ այս քայլով երկրի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խրախուսում է պատմության վերամեկնաբանումը:

Թուրքիայի Ազգային կրթական խորհրդի որոշմամբ՝ օսմանյան լեզուն պարտադիր է լինելու իմամ-հաթիփ կրոնական դպրոցներում և կամընտրական՝ մյուս ավագ դպրոցներում:

Թուրքիայի կառավարող կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, պարբերաբար հանդես է գալիս Օսմանյան կայսրության ժառանգության վերագնահատման և վերաիմաստավորման օգտին: Օսմաներեն լեզվի դասընթացները կրթական ծրագրում ներառելու առաջարկը կարելի է դիտարկել Թուրքիայի վերնախավի որդեգրած՝ նեո-օսմանականության քաղաքականության համատեքստում: