Բախում շփման գծում, մեկ զոհ հայկական կողմից

TH_NkrmilԴեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։

«Արմենպրեսը», վկայակոչելով իր իրազեկ աղբյուրները, հաղորդում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ պաշտպանության բանակը դեկտեմբերի 8-ին կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը։ Ըստ գործակալության՝ հակառակորդը 5-7 զոհ է տվել։

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում չհաստատեց հակառակորդի դիվերսիոն գործողության մասին տեղեկությունը՝ նշելով, որ «տեղեկությունը դեռ ճշտվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ, և հնարավոր է՝ իրավիճակն այլ է եղել»։