Բելառուսը Ռուսաստանի սահմանին վերականգնում է մաքսակետերը, որոնք վերացվել էին 2011թ. հուլիսի 1-ից Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից Մաքսային միության ստեղծումից հետո, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթի կայքը:
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հաղորդել է, որ բելառուսական կողմից մաքսակետերը վերսկսել են աշխատանքները և ստուգում են Ռուսաստանից մտնող ավտոտտրանսպորտը: Ռուսական կողմից, ըստ Մաքսային ծառայության, ստուգումներ չեն իրականացվում։
Ռուս-բելառուսական սահմանին ներկայում բեռնատարների երկար հերթ է գոյացել։
Ակնարկ
Դեկտեմբերի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել էր Մաքսային միության նորմերը խախտելու մեջ՝ ռուսական շուկա Բելառուսից սննդի մատակարարման համար սահմանված արգելքի առնչությամբ: Դրանից առաջ Լուկաշենկոն Մոսկվային մեղադրել էր բելառուսական մի շարք ձեռնարկությունների կողմից մսամթերքի արտահանումը Ռուսաստան թույլ չտալու համար:
2014թ. սկզբից Մոսկվայի՝ Ուկրաինայում վարած քաղաքականության արդյունքում արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանն իր հերթին արգելեց սննդամթերքի ներմուծումը իր դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից։ Արդյունքում, ըստ ամենայնի, բելառուսական ընկերությունները ներկրում են Ռուսաստանում արգելված եվրոպական արտադրանքը, վերափաթեթավորում որպես բելառուսական և արտահանում Ռուսաստան: Կամ էլ հասցեագրում են Ղազախստան՝ դրանք իրացնելով Ռուսաստանում։
Նոյեմբերի վերջին, օրինակ, Ռոսսելխոզնադզորը՝ Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, արգելեց բելառուսական մսամթերքի ներմուծումը՝ հայտարարեով, որ դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին և պարունակում են վնասակար միկրոօրգանիզմներ և հակաբիոտիկներ։
Հ․Գ․
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագիրը, որը երեք երկրների խորհրդարաններում հավանություն ստանալուց հետո ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին։