Սիրիայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ և Դամասկոսի համալսարանին կից Լեզուների բարձրագույն ինստիտուտի և նորաբաց հայոց լեզվի ուսուցման բաժնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին մեկնարկել են հայկական մշակույթի օրեր:
Հայկական մշակույթի օրեր միջոցառումը մաս է կազմում Դամասկոսի համալսարանում Լեզուների և մշակույթների շաբաթի, որը մեկնարկել է դեկտեմբերի 7-ին պարսկական մշակույթի օրերով և ավարտվելու է դեկտեմբերի 14-ին ռուսական մշակույթի օրերով:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսային մասում ներկայացված են հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հրատարակությունները, հայկական տարազները, Մատենադարանի մանրանկարչության և արաբալեզու ձեռագրերի նմուշները:
Բացման արարողությունից հետո Դամասկոսի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների առջև դասախոսությամբ հանդես է եկել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը՝ «Արևելագիտությունը Հայաստանում» և «Հայաստանն արաբական միջնադարյան պատմա-աշխարհագրական հուշարձաններում» թեմաներով:
Ներկայացվել են նաև Հայաստանում արևելագիտության մասին ճանաչողական և Սիրիայում Հայաստանի դեսպանության ու սիրիական հեռուստատեսության ջանքերով պատրաստած «Հայաստանը երեկ և այսօր» տեսաֆիլմերը:
Հայկական մշակույթի օրերի շրջանակներում ներառված են դասախոսություններ հայոց լեզվի և գրականության թեմաներով, ինչպես նաև տեսաֆիլմեր Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին: Միջոցառումները շարունակվելու են մինչև դեկտեմբերի 14-ը: