Կոնստանտին Օրբելյանի զարմիկի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմիի»

VirtuosoRossiniArtists Կոնստանտին Օրբելյանը նկարում՝ մեջտեղում։

Հայ անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի զարմիկ, նրա անվանակից դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» անվանակարգում։

Խոսքն ամերիկյան Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակի մասին է, որը Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերի հավաքածուն է՝ ամերիկացի տենոր Լորենս Բրաունլիի կատարմամբ։ Բրաունլին այն ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի (Լիտվա) հետ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։

«Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին Լոս Անջելեսում։ Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում։

Դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում 1956թ․ օգոստոսի 27-ին։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ 11 տարեկանում որպես դաշնակահար իր առաջին ելույթն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հետագայում նա կենտրոնացել է դիրիժորության ուղղությամբ։ 1991-ից մինչև 2010թ․ եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը։ 2004թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման, որը մինչ այդ երբևէ չէր շնորհվել ոչ Ռուսաստանի քաղաքացու։