Հայաստանը €50 մլն վարկ է ներգրավում Արևելյան գործընկերության շրջանակում

IMG_0094_500Եվրոպական ներդրումային բանկը կֆինանսավորի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր: Դեկտեմբերի 9-ին Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև ստորագրվել է 50 մլն եվրոյի վարկային պայմանագիր: Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից՝ վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմթերքի վերամշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:

Վարկը տրամադրվելու է ԿԲ-ին, որը միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով վարկային միջոցները հասանելի կդարձնի ձեռնարկություններին:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, որը պատասխանատու է Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման համար, նշել է, որ սա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրամիության արևելյան գործընկերության տարածաշրջանում ԿԲ-ին տրամադրված առաջին վարկն է:

«Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»,- ասել է նա:

Չնայած հանգամանքին, որ երկրի ձեռնարկությունների մեծ մասը փոքր և միջին են, նրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առևտրում և օտարերկրյա ներդրումներում դեռևս ցածր է: ԿԲ-ն ընդգծում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված մատչելի նպատակային վարկերի տրամադրումը հայաստանյան ՓՄՁ ոլորտի զարգացման նախապայմաններից մեկն է:

Ակնարկ 

Եվրոպական ներդրումային բանկը` ԵՄ բանկերից մեկն է, և Հայաստանում իր ծրագրերը ֆինանսավորում է ԵՄ խորհրդի և Եվրոպական կառավարության՝ Արևելյան գործընկերության երկրների մանդատի շնորհիվ: Ըստ 2014-2020 թթ. մանդատի՝ 4,8 մլրդ եվրո կտրամադրվի Արևելյան գործընկերության բանկային ֆինանսավորմանը, ԵՄ-ի և նրա արևելյան գործընկերների համար կարևորություն ունեցող ծրագրերին աջակցելու համար՝ տեղական մասնավոր հատվածի զարգացման, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխության ոլորտներում: