Պետությունը չի կարող մարել «Նաիրիտի» պարտքերը. վարչապետն ընդունել է նաիրիտցիներին

PHOTO_Landscape_LABEL smaller copy - CopyՎարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ վարչապետը լսել է նաիրիտցիների պահանջները, ծանոթացել նրանց ներկայացրած տեղեկատվությանը և ասել, որ պետությունը ներկայում իրավասություն և հնարավորություն չունի մարելու կուտակված պարտքերը:

Գործարանի աշխատակիցները նշել են, որ պետությունը, իր հերթին, պարտք ունի գործարանին, և եթե դիտարկվի այն մարելու տարբերակը, հնարավոր կլինի մարել աշխատակցիների աշխատավարձերի պարտքը: Վարչապետը նաիրիտցիներին առաջարկել է առավել համապարփակ քննարկման համար կրկին հանդիպել դեկտեմբերի 13-ին:

Գործարանի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց 18 և ավելի ամիսների աշխատավարձը, իսկ մինչև վճարումը դադարեցնել 2100 աշխատակցի աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցագրերի ուղարկման գործընթացը։

Դեկտեմբերի 9-ին ավելի վաղ գործարանի տնօրինությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով»: Գործարանի տնօրինությունը հավաստիացրել է, որ «ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին և յուրաքանչյուրի հետ կկատարվի վերջնահաշվարկ»: Գործարանը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության ներկայիս շուրջ 500 աշխատողների հետ: Տնօրինությունը հայտարարել է նաև, որ 2014թ. դեկտեմբերին գործարանի աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:

Նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացրել նաև դեկտեմբերի 8-ին, իսկ դեկտեմբերի 4-ին՝ նախագահական նստավայրի դիմաց:

«Նաիրիտ» գործարանն արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր:

Մեկնաբանել