KFW-ն €85 մլն է հատկացնում Հայաստանի և Վրաստանի էլեկտրահամակարգերի միացման համար

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը:

Գերմանական KFW բանկը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո՝ Գերմանիայի տրամադրած ֆինանսական միջոցներից։

ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համապատասխան վարկային և ծրագրային համաձայնագրերը դեկտեմբերի 9-ին ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Արամ Անանյանը։

Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա:

Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը 105.2 մլն եվրո է: Ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին։

Տրամադրվող վարկային միջոցները նույն վարկային պայմաններով ենթավարկային պայմանագրով կտրամադրվեն վերջնական շահառու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին։