ԿԲ-ն 6 մլն դոլար է վաճառել դեկտեմբերի 9-ին

dollarԿենտրոնական բանկը դեկտեմբերի 9-ին վաճառել է 6 մլն դոլար՝ մեկ դոլարը 458,31 դրամով։ Սահմանային փոխարժեքը կազմել է 457․57 դրամ/1 դոլար։ Այս մասին ասված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում։

Գլխավոր դրամատունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Կենտրոնական բանկն այսպիսով նպատակ ունի կարգավորել արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, հարթել փոխարժեքի տատանումները և վերականգնել արտարժութային շուկայում հավասարակշռությունը։

Դեկտեմբերի 8-ին իրականացվել էր առաջին վաճառքը՝ 6 մլն դոլար՝ 456,63 դրամ փոխարժեքով։

Ակնարկ

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ հասնելով մինչև 1 դոլարի դիմաց 470 դրամ սահմանին։

2009թ. մարտի 3-ին, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց 20%-ով, Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, և շուկայում ինտերվենցիաներ իրականացնում էր միայն փոխարժեքի խոշոր տատանումների դեպքում։