Դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է Ջավախք

g_image (1)Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է Վրաստանի հայաշատ Սամցխե-Ջավախք նահանգի Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դեսպանը հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեի և Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեի հետ:

Վերջինս դեսպանին տեղեկացրել է, որ 2015թ. նախատեսված է դեպի Ախալցխայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճանապարհի կառուցումը: Հայկական եկեղեցում կայացել է դեսպանի և Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը:

Յուրի Վարդանյանն այցելել է նաև Ախալցխայի Ռաբաթ ամրոց, մասնակցել Ախալցխային նվիրված վրացերեն և անգլերեն պատմագրական գրքույկի շնորհանդեսին, այնուհետ հանդիպում ունեցել տեղի մտավորականության ներկայացուցիչների հետ:

Դեսպանի ղեկավարած պատվիրակությունը այնուհետ ուղևորվել է Ախալքալաք, որտեղ տեղի է ունցել ընդլայնված կազմով հանդիպում՝ շրջանային ժողովի պատգամավորների, գյուղապետերի, տեղի համայնքային կառույցների, դպրոցների տնօրենների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ:

Նինոծմինդայում դեսպանը հանդիպում է ունեցել շրջանի վարչության ղեկավարության և հայ համայնքի հետ, այցելել Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: