Կոչ Google-ին՝ հիշատակելու Հայոց ցեղասպանությունը

doodleChange.org կայքում տեղադրվել է խնդրագիր, որում Google ընկերությանը կոչ է արվում ստեղծել Doodle, որը ապրիլի 24-ին կխորհրդանշի Հայոց ցեղասպանությունը։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, խնդրագիրը ստորագրել է 23817 մարդ։ Անհրաժեշտ է ևս 1183 ստորագրություն։

«Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կառավարության ծրագրած` իրենց բնօրրանում և կայսրության տարածքում բնակվող հայերի զանգվածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) հավաքեցին և ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների, այնուհետև` սպանեցին նրանց: Մարդկանց թիվը, ովքեր սպանվել են Ցեղասպանության հետևանքով, շուրջ 1,5 միլիոն է:

Սա է պատճառը, որ մենք պատասխանատվություն ենք կրում Ցեղասպանության մասին մարդկությանը իրազեկելու համար: Google-ը պետք է մասնակից դառնա այս գործին` հանուն ողջ մարդկության»,- ասված է խնդրագրում։