Թուրքիան, ԵՄ-ն և Մերձավոր Արևելքը

Մուրաթ Յեթքին Մուրաթ Յեթքին

Hurriyet Daily News-ում լույս է տեսել սյունակագիր Մուրաթ Յեթքինի հոդվածը՝ «Թուրքիան, ԵՄ-ն և Մերձավոր Արևելքը» վերնագրով: Հեղինակն անդրադառնում է ԵՄ բարձրաստիճան պատվիրակության՝ Թուրքիա այցին, Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցություններին ու ակնկալիքներին: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Վերջերս Թուրքիան քննադատության է ենթարկվում մերձավորարևելյան գործերում չափազանց շատ ներգրավվելու համար, ինչը հեռվացնում է նրան Եվրոպական Միությունից և, առհասարակ, արևմտյան աշխարհից:

Անշուշտ, տանգո երկուսով են պարում, և փաստ է, որ Թուրքիայի կողմնորոշումը դեպի Մերձավոր Արևելք համընկնում է 2000-ականներից ԵՄ-ի ներսից եկող այն ազդանշանների հետ, որ Թուրքիան՝ որպես լիիրավ անդամ, ցանկալի չէ:

Կար նաև Արաբական գարնան գործոնը, որը Թայիփ Էրդողանին (այն ժամանակվա վարչապետին և ներկայիս՝ նախագահին) «ժողովրդավարական իսլամական» քաղաքական ալիքի հույս էր ներշնչել. այն ենթադրաբար պետք է ղեկավարեին «Մուսուլման եղբայրները» Թունիսում, Եգիպտոսում և Սիրիայում: Դա տեղի չունեցավ: Այսօր Թուրքիան ապաստան է 1,6 մլն սիրիացի փախստականների համար և առերեսվել է սահմանային անվտանգության մեծ խնդիրների, հատկապես՝ ահաբեկչության նոր սերնդի՝ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման (ներկայում՝ «Իսլամական պետություն» – ՍիվիլՆեթ) ի հայտ գալուց հետո:

Վերջին հասարակական հարցումը վկայում է, որ Թուրքիայի քաղաքացիների 50 տոկոսից ավելին աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին՝ վերջին երեք տարում շատ ավելի ցածր ցուցանիշներից հետո:

Չնայած կուտակված խնդիրներին և Թուրքիայի ու ԵՄ-ի միջև մեծացող ջրբաժանին՝ կառավարությունը, թվում է, ուրախ է Բրյուսելից իր քայլերին դրական արձագանք ստանալու առթիվ, ինչն արտացոլվել է Անկարայում դեկտեմբերի 8-ի հանդիպման ժամանակ:

Երեկ ժամանած ԵՄ պատվիրակությունը բարձրաստիճան էր: Այն գլխավորում էր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որին ուղեկցում էին ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ու ԵՄ Մարդասիրական օգնության ևճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսը: Դա հետաքրքիր համադրություն է, քանի որ Ստիլիանիդեսը կիպրացի է, իսկ կիպրական հարցը շարունակում է մնալ ԵՄ-ի և Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը: Բանակցությունների մի շարք գլուխներ չեն կարող բացվել հենց Կիպրոսի Հանրապետության վետոյի պատճառով:

Մոգերինին, այդուհանդերձ, հույս է հայտնել, որ ֆինասնական քաղաքականությանը վերաբերող գլուխ 17-րդը կարող է շուտով բացվել, քանի որ Ֆրանսիան հանել է իր արգելքը:

Թուրքիայում և ԵՄ-ում ընդհանուր առմամբ մարում են հույսերը, որ Թուրքիան լիարժեք կինտեգրվի ԵՄ-ի ներկայիս կառուցվածքին:

Անկարայից տարբեր ազդանշաններ են գալիս նաև քաղաքական և սոցիալական առումներով:

Մինչ Մոգերինին և նրա թիմը բանակցություններ էին վարում իրենց հյուրընկալած թուրք պաշտոնյաների հետ, նախագահ Էրդողանը ելույթ էր ունենում և գովաբանում դպրոցների կրթական ծրագրում օսմաներենի պարտադիր ուսուցման ներառումը:

Կրթության նախարարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ հենց առաջին դասարանից պետք է կրոնական պարտադիր դասընթացներ մտցվեն՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին դատավճռին, որ այդ դասընթացները խտրականության դրսևորում են ոչ մուսուլմանների հանդեպ: