Հարկադիր կատարողները երդվել են Ծիծեռնակաբերդում

erdum4Դեկտեմբերի 9-ին Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում առաջին անգամ անցկացվել է հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 16 անձանց երդման հանդիսավոր արարողությունը, ասվում է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) տարածած հաղորդագրությունում։

Միջոցառման մեկնարկից առաջ հարկադիր կատարողները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

«Այս Սուրբ վայրում երդվելն էլ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է հատուկ վերաբերմունք ունենալ մեր պետության և քաղաքացու նկատմամբ, դուք պետք է սպային արժանի վարվելակերպով կարողանաք վայելել քաղաքացու հարգանքը…»,-ասել է Միհրան Պողոսյանը, հաղորդում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել