Ծիծեռնակաբերդը՝ հանրային շահի պոտենցիալ տարա՞ծք

edum1Հարկադիր կատարողները երդվել են Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ինչպես «Փրկիչը տարեկանի արտում» վեպի հերոսն է ասում՝ մարդ քիչ է մնում մեռնի: Նրանք երդվել են հավատարմորեն ծառայել հայ ժողովրդին, հավատարիմ մնալ Սահմանադրությանը և այլն: Ո՞վ է այս, ներողություն, անհեթեթության հեղինակը, միայն կարող եմ ենթադրել…

Հարկադիր լինում է միայն վատ արարքը: Նույնիսկ եթե նպատակը բարի է: Մենք մեր Հարկադիրին լավ գիտենք, նրանց գործողություններից մարդիկ են մահացել: Ըստ այդմ, նրանք ո՞ւր են գնացել: Գնացել էին խոստանալու, որ նոր զոհեր չե՞ն լինելու: Սա ի՞նչ նոր աղանդ է ավանդական գործունեության: Ի՞նչ նոր բան են անելու երդումից հետո, ի՞նչ են անելու, որ չեն արել մինչև հիմա: Օրենքն ինչ-որ նոր լիազորությու՞ն է տվել, որն առանց Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ երդվելու չեն կարող կատարել: Այսինքն, առանց 1,5 միլիոն նահատակի դուռը գնալը օրենքով իրենց վերապահված լիազորությունը չե՞ն կարող կատարել: Թե՞ օր անտեղյակության որոշել են դառնալ «հայդատական»: Որքան տեղյակ եմ, «հայդուկությունը» կամավոր ընտրություն է, օրենքն այդ մասին ոչինչ չի ասում: Երդվել Ծիծեռնակաբերդի բարձունքում, նշանակում է, որպես հարկադիր կատարման ենթակա արարք, պատասխանատվություն ստանձնել դատարան քարշ տալ հայերի ցեղասպանության բուն պատասխանատուներին կամ լավագույն դեպքում նրանց հետնորդներին, որոնք ասում են, որ ցեղասպանություն չի եղել: Ի՞նչ եք երդվում՝ կրակե՞լ Ցեղասպանությունը ժխտողների վրա: Ավելի մեծ եռանդո՞վ իրենց բնակարաններից դուրս շպրտել հանրային շահի տակ ընկածներին: Գուցե ասե՞ք, թե այդ ամենում որն է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի «մեղքը»: Մենք, հարկատուներս, դա պիտի իմանանք: Թե՞ դա ինչ-որ հանրային շահի պոտենցիալ տարածք է, ձեր արածն էլ «զորավարժություն» է:

Որքան ինձ հայտնի է՝ Հայաստանում երդման երկու «ավանդական» ձև կա՝ Սահմանադրության վրա և՝ զենքի: Մյուս կողմից, ընդհանրապես, ընկերներ, ո՞րն է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրանալու խորհուրդը: Տղերք, պարտադի՞ր է ամեն անաղարտ բան փչացնեք: Գնացեք և երդվեք, ասենք, ԱԺ-ում: Այն վաղուց արդեն արժեզրկել են, կառավարությունում երդվեք, որտեղ ասես հավերժական կրակի վրա եփվում է զուտ հայկական կոռուպցիայի քուրան: Ի վերջո նրա զոհերի թիվն էլ կամաց-կամաց մոտենում է Ցեղասպանության զոհերի թվին: Հյուսիսային պողոտայում երդվեք, որտեղ դուք ձեր զոհերն ունեք, նրանք այնքան էլ շատ չեն, որ անուն առ անուն չիմանաք: Միհրան Պողոսյանի աշխատասենյակում երդվեք, նա իր պաշտոնին այնքան երկար է մնացել և դեռ մնալու է, որ իր տևականությամբ կարող է մրցել միայն հուշահամալիրի հավերժական կրակի հետ:

Ընկերներ, ճշտեք ձեզ համար, թե ի վերջո ինչ խորհուրդ ունի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Ճշտեք դա, որպեսզի ճշտեք ձեր տեղը ՀՀ պետական ապարատում: Թե՞ ձեզ թվում է, որ մենք հալած յուղի տեղ պիտի ընդունենք այն խոսքերը, որ որևէ մեկին իր բնակարանից դուրս շպրտելիս, որևէ մեկից ունեցվածք խլելիս դուք կատարում եք օրենքի պահանջը: Կընդունեինք, եթե Միհրան Պողոսյանին նկատողություն հայտարարած արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ չարվեր, իսկ պարոն Պողոսյանն էլ չպրծներ նկատողությամբ: Կընդունեինք, եթե իմանայինք, թե «հարկադիր»-ականներից ովքե՞ր են արտագաղթել: Կընդունեինք, եթե ազնվորեն թվարկեիք «Քեթրինի Միհրան» «տիտղոսը» «վաստակած» Միհրան Պողոսյանի սեփականության ցանկը: Հակառակ դեպքում, ընկերներ, դուք ծաղրել եք Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ձեր այնտեղ երդվելուց հետո պետք է մտածել, թե, ի վերջո, ովքե՞ր են այդ նահատակները: Թե՞ մենք ենք ավելի ու ավելի ընկալվում կազմ ու պատրաստ այդպիսի «կատակերգությունների» համար:

Ինչ-որ բան վերջնականապես տեղը չեք բերում, ընկերներ: Դա Ցեղասպանության զոհերի հուշահամալիր է, և ի պաշտոնե ծեր կնոջ թևատակերից բռնող ու նրան իր բնակարանից դուրս հանող երկու «հարկադիր»-ականը այնտեղ երդվել չեն կարող: Առայժմ սա համարեք էթիկայի հարց: Որովհետև ի վերջո իրավունքի հարց է դառնալու, եթե ևս մեկ զոհ արձանագրվեց ձեր գործողությունների արդյունքում: Չէ՞ որ, կներեք, մարդուն աղ ու հացով դուրս չեք շպրտում իր տնից, դա անում եք ամենակոշտ մեթոդներով, նույնիսկ եթե նրան տնից դուրս հանելը ձեր օրինական պարտականությունն է: Եկեք պայմանավորվենք այսպես՝ դուք հեռու մնացեք Ծիծեռնակաբերդից գոնե այն ենթատեքստում, որով այսօր էիք, մենք էլ կընդունենք ի գիտություն, որ հարկադիր գործողությունից նաև մեռնում են:

Մեկնաբանել