Էկոնոմիկայի նախարարը Բրյուսելում քննարկել է ԵՄ վիզայի ազատականցումը, այլ հարցեր

file_1013_2148431Բրյուսելում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստին կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում ՝ ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական և ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձևաչափի ձևավորմանն ու առևտրատնտնտեսական հարաբերությունների ապագային, Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր:

Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև վիզայի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի, վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերի և այդ ծրագրերին ԵՄ հետագա աջակցության, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի  վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Մեծամորի ատոմակայանի վերազինման և արդիականացման, ԵՄ աջակցությամաբ իրականացվող Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մշակման և դրա հետագա իրականացման հարցերին:

Ակնարկ

1996 թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից: Համաձայնագրով ստեղծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտե, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում:

Ակնկալվում էր, որ Հայաստանը շուրջ չորս տարվա բանակցություններից հետո 2013թ. նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ԵՄ-ի հետ կնախաստորագրի Ասոցացման համաձայանգիրը, սակայն 2013թ. սեպտեմբերի 3-ին Երևանը անսպասելիորեն հայտարարեց, որ որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը: