Մարդու իրավունքները՝ օմբուդսմենի կլոր սեղանին

MHM92128 (1)Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ կլոր սեղան է կազմակերպել յոթ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու երկրում մարդու իրավունքների խնդիրները: Միջոցառմանը մասնակցում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, պաշտոնյաներն ընդգծել են իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը, անդրադարձել կառույցների՝ ընթացիկ տարում արձանագրած հաջողություններին:

Ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ «մարդու իրավունքների գրասենյակի հետ պետք է ոչ թե ինտելեկտուալ բանավեճերի մեջ մտնել, այլ իրապես համագործակցել»: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով պաշտապանության նախարարության հաջողություններին և խնդիրներին, նշել է, որ այս տարի բանակում մահացությունների թիվը կրճատվել է: Ելույթների ավարտից հետո ոստիկանապետը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին Նոր կտակարան է նվիրել, իսկ Աղվան Հովսեփյանը՝ ժամացույց:

Այս պահին ընթանում է փակ քննարկում, որին կհաջորդի ճեպազրույց լրագրողների հետ, այնուհետ՝ տնտեսական իրավունքների համաժողովը։ Համաժողովին կմասնակցեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը, ՀՀ նախկին Վարչապետ Արմեն Դարբինյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և այլք: