Բրիտանիան և Թուրքիան կհամագործակցեն ընդդեմ «Իսլամական պետության»

Դևիդ Քեմերոն և Ահմեդ Դավութօղլու Դևիդ Քեմերոն և Ահմեդ Դավութօղլու

Մեծ Բրիտանիան և Թուրքիան աշխատում են ինչպես «ձեռքը ձեռնոցում»՝ կանխելու բրիտանացի զինյալների վերադարձը հայրենիք Իրաքում և Սիրիայում կռվելուց հետո. այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դեկտեմբերի 9-ին Անկարա կատարած այցի ընթացքում։

BBC-ի փոխանցմամբ՝ Անկարայում Բրիտանիայի և Թուրքիայի վարչապետների բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև հետախուզական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցում:

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսին Քեմերոնն ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ընդհանուր թշնամի է», որի դեմը պետք է առնել:

«Մենք պետք է աշխատենք ինչպես ձեռքը ձեռնոցում, որովհետև Բրիտանիայից կամ այլ վայրերից մարդիկ մեկնում են Իրաք և Սիրիա՝ հաճախ Թուրքիայի տարածքով, և նրանց վերադարձը սպառնալիք է մեզ համար: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, և այսօր շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել հարցի շուրջ»,- ասել է Քեմերոնը: Նրա խոսքով՝ Թուրքիան և Մեծ Բրիտանիան պետք է ավելի շատ տեղեկատվություն կիսեն միմյանց հետ և ավելի ընդլայնեն համագործակցությունը հետախուզական ոլորտում:

«Թուրքիան երբեք չի հանդուրժել և չի հանդուրժի իր տարածքով օտարերկրյա զինյալների անցումը կամ նրանց ներկայությունը Սիրիայում,- թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: – Թուրքիայի դիրքորոշումը հստակ է՝ մենք չենք ուզում տեսնել օտարերկրյա զինյալների ո՛չ Սիրիայում, ո՛չ Իրաքում»:

Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական Միությանը

Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ շարունակում է աջակցել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը:

«ԵՄ-ին Թուրքիայի աջակցությանը շատ կողմ եմ: Դա Բրիտանիայի արտաքին քաղաքականության վաղեմի դիրքորոշումն է, որին ես աջակցում եմ: Այդ հարցն այսօր էլ քննարկել ենք»,-  նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Դեռ 2010թ. հուլիսին Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալով՝ Քեմերոնն ասել էր. «Ես այստեղ եմ, որպեսզի հիմնավորեմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը և պայքարեմ դրա համար: Եվրոպական Միությունն առանց իր սրտում Թուրքիան ունենալու ոչ թե ավելի ուժեղ է, այլ ավելի թույլ, ոչ թե ավելի անվտանգ է, այլ պակաս անվտանգ, ոչ թե ավելի հարուստ է, այլ ավելի աղքատ»: