Հայաստանը պետք է գնա գիտելիք և տեխնոլոգիա մատակարարողի ճանապարհով. վարչապետ

Tntesakan hamajokhov1Հայաստանը պետք է և կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզ կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի: Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 10-ի Երևանում մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տնտեսական իրավունքների համաժողովին:

Նա համոզմունք է հայտնել, որ հենց այս մոտեցումն է Հայաստանին ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների և տնտեսական իրավունքների լիարժեք իրացում: «Այսօր ավելի լրջորեն պետք է մտորել Հայաստանի զարգացման մոդելի շուրջ` հաշվի առնելով մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, մեր ժողովրդի բնատուր տաղանդն ու ամրագրել այն թիրախը, որին ձգտելու և հասնելու համար անհրաժեշտ նախապայման է հավաքական մտածողությունն ու փոխհամաձայնությունը»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը: Վարչապետի խոսքով՝ այս մոտեցման փիլիսոփայությունը խարսխված է այն առանցքի շուրջ, որ երկրում պատշաճ ինստիտուտների զարգացումը և բարենպաստ միջավայրի ձևավորումը պետք է ինքնահաստատման և ինքնադրսևորման հնարավորություններ ընձեռեն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման ջանքերը, արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման քաղաքականության ողջ գործիքակազմը, գործարար միջավայրի, տեսչական համակարգի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող բարեփոխումների փաթեթն ուղղակիորեն միտված են գործարարի ու քաղաքացու տնտեսական իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ երաշխավորելուն:

Մեկնաբանել