Դինքի մարդասպանը նոր բացահայտումներ է անում

Օգյուն Սամասթ Օգյուն Սամասթ

«Ինձ ստիպել են իրականացրել Դինքի սպանությունը: Յասին Հայալը մեղքն իր վրա է վերցնում, ասում է` «ես եմ ստիպել», սակայն նա չի տալիս սպանության հետևում կանգնած մարդկանց անունները: Ուսումնասիրե՛ք իմ հայտարարությունները, և կգտնեք սպանության հետևում կանգնած մարդկանց»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Օգյուն Սամասթը` Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանողը։ Սամասթը լույս է սփռել այն իրադարձությունների վրա, որոնց մասին մինչ այդ լռել է: Դեկտեմբերի 5-ին նա դատարան էր կանչվել, սակայն ոչ որպես գործով կասկածյալ, այլ որպես վկա: Նա նամակ է հղել Հրանտ Դինքի սպանության գործը վարող դատախազին` նշելով, որ ցանկանում է խոսել սպանության մասին:

«Նախկինում իմ հիշատակած ոստիկանության աշխատակիցների՝ Ռամազան Աքյուրեքի [Դինքի սպանության ժամանակահատվածում՝ Տրապիզոնի անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի ղեկավար – Սիվիլնեթ], Ալի Ֆուաթ Յըլմազերի [Դինքի սպանության ժամանակահատվածում` Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության պետ – ՍիվիլՆեթ] և գործով անցնող մյուս մարդկանց հարաբերությունները ուսումնասիրելուն պես իրականությունն ի հայտ կգա»,- ասել է Օգյուն Սամասթը:

Դինքի սպանության գործով որպես վկա հանդես եկող Սամասթը պատմել է, թե ինչ է արել Տրապիզոնի Փելիթլի շրջանում [Սամասթը ծագումով Տրապիզոնից է – ՍիվիլՆեթ] նախքան Հրանտ Դինքի սպանությունը և ինչպես է ծանոթացել Յասին Հայալի [Դինքի սպանության հրահրող – ՍիվիլՆեթ] հետ: Նա նշել է, որ մինչև Յասին Հայալի [Սամասթը նրան անվանել է «թաղային հեղինակություն» – ՍիվիլՆեթ] հետ ծանոթանալը որևէ քաղաքական հայացքներ չի ունեցել:

«Mc’Donalds-ը պայթեցնելու մասին [Յասին Հայալը 2004թ. Տրապիզոնում ահաբեկչական գործողություն է կազմակերպել Mc’Donalds սրճարանում – ՍիվիլՆեթ] անձամբ լսել եմ թե՛ Յասին Հայալից, թե՛ նրա շրջապատից: 2006թ. ամռանը ինտերնետ սրճարաններից մեկում Յասին Հայալը խոսք բացեց Հրանտ Դինքի մասին: Նա ասում էր, որ Դինքը հայ է` թուրքերի թշնամի, փող է ստանում և մարդկանց հավատափոխ անում, Աստվածաշունչ է բաժանում, վիրավորում թուրքերին, ինչի պատճառով դատապարտվել է: Կարծես՝ ինձ էր ուղղում խոսքը: Ինտերնետ սրճարանում ասաց, որ պետք է Հրանտ Դինքը մեռնի, և հարցեց, թե կարո՞ղ եմ գլուխ բերել այդ գործը: Ես էլ վախեցա Յասինից, ու քանի որ նրա ազդեցության տակ էի, ասացի` «կանեմ»: Այս ընթացքում ինտերնետից հանել ու ինձ էին տվել Հրանտ Դինքի նկարները,- պատմել է Օգյուն Սամասթը ու շարունակել,- Յասին Հայալը ինձ տարավ Էրհան Թունջելի տուն: Ես համակարգչային խաղ էի խաղում, իմ հետևում՝ երեք մետր հեռավորության վրա, խոհանոցն էր, և դուռը բաց էր: Յասինը Էրհան Թունջելի հետ խոսում էր այս գործից, ես էլ պատահաբար լսեցի: Էրհանը խոսում էր Ռամազան Աքյուրեքի ու ինչ-որ տնօրեն Ֆուաթի մասին: Յասինն ասաց` «Ուրեմն հիմա մեր մեջքն ամուր է»: Տնից դուրս գալիս Յասինին հարցրի. «Ես Ռազմազան Աքյուրեքին ճանաչում եմ, Տրապիզոնում ղեկավար պաշտոն է զբաղեցրել, իսկ ո՞վ է Ֆուաթը»: Յասինը պատասխանեց, թե «Էրհանի ծանոթները», ու նշեց, թե մտադիր էին այս գործը տալ ուրիշ անչափահասի, սակայն նա հրաժարվել էր: «Վարչության պետ Ռամազանը, նույնիսկ Ստամբուլի անվտանգության պետը գիտեն ամեն ինչ, սակայն բոլորը մեր թիկունքին կանգնած են: Մտածիր՝ մեծ գործ է, հերոսանալու ես, եթե միտքդ փոխես, վատ կլինի, կվառեմ քեզ»,- սպառնաց Հայալը: Ես էլ, ինչպես նախկինում էի ասել, կրկին ասացի` «լավ»: Այն օրը, երբ գալու էի Ստամբուլ, Յասինի առաջարկով հանդիպեցինք Ահմեթ Իսքենդերին պատկանող գրենական պիտույքների խանութում: Խոսում էին Ստամբուլ գնալուս մասին: Նախ գնացի վարսավիրանոց, սափրվեցի: Յասինը եկավ ինձ մոտ, զենքը կապեց գոտկատեղիս: 300-400 լիրա փող տվեց:

Յասին Հայալը նաև ինձ դրոշ տվեց ու ասաց. «Ավտոբուսով Տրապիզոն վերադառնալիս Սամսունում քեզ կձերբակալեն: Եթե այդտեղ (Ստամբուլում) քեզ վերցնեն, վարչության պետ Ռամազանն ի հայտ կգա»:

Գողացան լավագույն տարիներս

Այնուհետև Օգյուն Սամասթը պատմում է Ստամբուլ գալու և «Ակօսի» տեղը ճշտելու մասին. «Ինտերնետ սրճարան էի փնտրում: Այդ ընթացքում նկատեցի, որ Հալասքարգազի պողոտայում և Շաֆաք փողոցում երկու մարդ հետևում է ինձ: Այդ պատճառով այդտեղ գտնվող վճարովի հեռախոսից զանգեցի Յասին Հայալին: Ասացի` ինձ հետևում են, նրանց մեջ կարծես ոստիկաններ կան: Յասինն էլ շատ ինքնավստահ ձայնով ասաց. «Հնարավոր է, նրանք մերոնքական են»: Այդ ժամանակ «Աքբանկի» մոտ էի: Հետո դատավարության ընթացքում ասացին. ««Աքբանկի» տեսախցիկները մինչև կեսօր աշխատում էին, կեսօրից հետո փչացան»: «Աքբանկի» տեսախցիկների տեսագրությունները, կարծում եմ, ոչնչացվել են նրա համար, որ ինձ հետևող երկու այդ մարդկանց ով լինելը հնարավոր չլինի պարզել: Պարզ տեսել եմ նրանց, եթե ցույց տան ինձ, կճանաչեմ այդ մարդկանց»:

Պատմելով բուն սպանության ու նաև այն մասին, որ չի կատարել Յասինի ցուցումը և զենքը չի գցել՝ Սամասթն ասել է. «Յասինը պատմում էր, որ ամեն ինչ կարգավորում է ոստիկանությունը: Տրապիզոնի Անվտանգության վարչության աշխատակիցների և Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարության հետ մինչև սպանությունը որևէ կապ չեմ ունեցել: Յասին Հայալից ու Էրհան Թունջելից գիտեմ, որ նրանք Տրապիզոնի անվտանգության աշխատակիցների հետ կապ ունեն. Յասինը բացեիբաց խոսում էր այդ մասին»:

Նման հայտարարություններով հանդես գալը Սամասթը հիմնավորել է նրանով, որ Ալի Ֆուաթ Յըլմազերն ու Ռամազան Աքյուրեքը կորցրել են իրենց ազդեցությունը. ինքը հաղթահարել է վախը և որոշել է խոսել: Այնուհետև Օգյուն Սամասթը ուշադրություն է հրավիրել ոստիկանների գործողությունների, Յասին Հայալի և տաբեր անձնավորությունների միջև եղած կապի վրա:

«Ինձ ստիպել են իրականացրել Դինքի սպանությունը: Յասին Հայալը մեղքն իր վրա է վերցնում, ասում է` ինքն է ստիպել, չի տալիս սպանության հետևում կանգնած մարդկանց անունները: Ուսումնասիրե՛ք իմ հայտարարությունները, և կգտնեք սպանության հետևում կանգնած մարդկանց անունները»,- ասել է Դինքի մարդասպանը:

«Յասին Հայալը ինձ ասում էր, որ զենքը գցեմ: Ես էլ մտածեցի` ոստիկանությունը ինձ կձերբակալի, սակայն շատ բան չի լինի: Ինչպես Յասինն էր ասում, ինձ կձերբակալեն, Ստամբուլ կտանեն: Անչափահաս լինելուս համար ինձ տասը տարով կդատապարտեն, 4-5 տարուց ազատ կարձակվեմ: Մտածում էի` այսպես կավարտվի ամեն ինչ: Յասին Հայալն այդպես էր ասել: Յասինն ասում էր, որ այս ամենն արվում է պետության ու ոստիկանության հետ, ասաց, որ ոստիկանություն ասելով՝ նկատի ունի պետությունը»,- շարունակել է Սամասթն ու ցավով նշել, որ սպանության պահին 16 տարեկան էր:

«Կյանքիս ամենագեղեցիկ տարիները ինձնից գողացան, ուզում եմ բացահայտել բոլոր նրանց, ովքեր ինձնից տարիներս գողացան»,- եզրափակել է Օգյուն Սամասթը:

Հրանտ Դինքի մարդասպանի այս հայտարարություններն ամբողջությամբ հրապարակել է թուրքական Anadolu պետական գործակալությունը, և այդ փաստը վկայում է, որ Թուրքիայի կառավարական շրջանները շահագրգռված են տեղի ունեցող զարգացումներով և կփորձեն թիրախում պահել այն ուժերին, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ: Խոսքը, մասնավորապես, Գյուլենական շարժման մասին է:

Մեկնաբանել