Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ մեղադրվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը չորս ամսով՝ մինչև ապրիլի 19-ը երկարաձգելու մասին որոշում է ընդունել, հաղորդում է ռուսական TASS գործակալությունը: Դատարանն ուժի է մեջ է թողել նաև Հայրապետյանի նկատմամբ ավելի վաղ կիրառվող մի շարք սահմանափակումները: Մասնավորապես՝ գործարարին արգելվում են զբոսանքները, կապի միջոցներից և համացանցից օգտվելը, հեռուստացույց դիտելը, այլ անձանց հետ շփվելը՝ բացառությամբ մերձավոր հարազատների և հետաքննության ներկայացուցիչների ու փաստաբանների: Դատարանն իր որոշումը պայմանավորում է հանգամանքով, որ Հայրապետյանը ունի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն, անշարժ գույք ԱՄՆ-ում ու Մոնակայում, և հետևաբար, ըստ դատարանի, կարող է թաքնվել հետաքննությունից:
Դեկտեմբերի 10-ի նսիտին Հայրապետյանը ներկա չի եղել: Նրա փաստաբանը տեղեկացրել է, որ գործարարը հիվանդանոցում է՝ միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ, որը, ըստ փաստաբանի, քրեակատարողական հիմնարկում գտնվելուն խոչընդոտող հիվանդություն է:
Հայրապետյանի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատարանի դեկտեմբերի 10-ի որոշումը:
Ակնարկ
Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում դատարանը կայացրել էր հոկտեմբերի 3-ին: Մինչ այդ Հայրապետյանը կալանքի տակ էր: Նա ձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Քրեական գործի շրջանակում դատարանի կողմից կալանքի տակ է դրվել ռուսական «Բաշնեֆտ» ընկերությունում գործարարի բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին։
Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Հայրապետյանը չէր համաձայնել տվյալ որոշման հետ և այն բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում։
Գործարարի ձերբակալման համար հիմք էին ծառայել Իգոր Իզմեստևի ցուցմունքները: Հայրապետյանը իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։
Սեպտեմբերի 12-ին դատարանը Հայրապետյանի կալանքը երկարաձգել էր մինչև դեկտեմբերի 15-ը: Սեպտեմբերի 13-ին նրա դեմ երկրորդ քրեական գործն էր հարուցվել: Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում:
Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ։