Սարգսյանն ու Նազարբաևը ԵՏՄ-ում համագործակցության հարցեր են քննարկել

Հայաստանի և Ղազախստանի նախագահները՝ ԵՏՄ պայմանագրի ստորագրման օրը, Աստանա, մայիսի 29, 2014թ․։ Հայաստանի և Ղազախստանի նախագահները՝ ԵՏՄ պայմանագրի ստորագրման օրը, Աստանա, մայիսի 29, 2014թ․։

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր։

Դեկտեմբերի 10-ին՝ ավելի վաղ, Ռուսաստանի Պետդուման վավերացրել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը։

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Ակնկալվում է, որ մինչև դեկտեմբերի վերջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը կդիտարկվի Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում։