Լավրովը չի բացառում՝ ՄՄ երկրները կարող են համատեղ հակադարձել արևմտյան պատժամիջոցներին

LavrovՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառում, որ առաջանա Մաքսային միության երկրների՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին համատեղ պատասխանելու անհրաժեշտություն։ Այս մասին նա ասել է ռուսական «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը դեկտեմբերի 9-ին տված հարցազրույցում։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներն ուղղված էին Ռուսաստանի դեմ՝ մենք միակողմանիորեն պատասխան միջոցառումներ սահմանեցինք վերոհիշյալ որոշումն ընդունած կամ դրան հետագայում միացած երկրների նկատմամբ։ Ընդ որում՝ Մաքսային միության նորմատիվ-իրավական բազան նրա անդամներին թույլ է տալիս առևտրային բնույթի համատեղ քայլեր ձեռնարկել՝ Մաքսային միության անդամ պետություններից որևէ մեկի վրա երրորդ երկրի կողմից տնտեսական ճնշման գործադրման դեպքում։ Այդուհանդերձ, Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումներին ի պատասխան այդպիսի գործողությունների իրականացման հարց այսօրվա դրությամբ Մաքսային միության օրակարգում չկա։ Չենք բացառում, սակայն, որ ապագայում այդպիսի անհրաժեշտություն կարող է առաջանալ»,- ասել է Լավրովը։

Անդրադառնալով Բելառուսի և Ղազախստանի պարտավորություններին՝ թույլ չտալ Եվրամիության երկրներից արգելված արտադրանքի մատակարարումը Ռուսաստան, Լավրովն ասել է, թե այս երկու երկրների ղեկավարները վստահեցրել են, որ կանխելու են մաքսանենգ գործողությունները։ «Միասնական շուկայի պայմաններում բավական բարդ է լիովին բացառել արևմտյան առանձին տնտեսական օպերատորների հնարավոր անբարեխիղճ գործողությունները, որոնք կարող են որոշել հավելյալ վաստակել՝ մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան ներմուծելով արգելված արտադրանք։ Միաժամանակ՝ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները վստահեցնում են մեզ, որ կանխելու են այդպիսի գործողությունները։ Մենք կասկածելու հիմքեր չունենք»,- նշել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է նաև, որ Արևմուտքի պատժամիջոցներն ու Մոսկվայի պատասխան քայլերը դրանց, ստեղծում են նոր հնարավորություններ՝ մեծացնելու փոխադարձ ապրանքաշրջանառությունը Մաքսային միության շրջանակում։ «Պատրաստ ենք օգնել Ղազախստանին ու Բելառուսին՝ փակելու Արևմուտքի ոչ հեռանկարային քաղաքականության արդյունքում ռուսական շուկայում առաջացած խորշերը։ Ակնհայտ է, որ և՛ Մինսկում, և՛ Աստանայում կօգտվեն բացվող հնարավորություններից»,- ասել է Լավրովը։

Ակնարկ

Դեկտեմբերի 8-ին ռուսական «Վեդոմոստի» թերթը հաղորդեց, որ Բելառուսը Ռուսաստանի սահմանին վերականգնում է մաքսակետերը, որոնք վերացվել էին 2011թ. հուլիսի 1-ից Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից Մաքսային միության ստեղծումից հետո։

Դեկտեմբերի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել էր Մաքսային միության նորմերը խախտելու մեջ՝ ռուսական շուկա Բելառուսից սննդի մատակարարման համար սահմանված արգելքի առնչությամբ: Դրանից առաջ Լուկաշենկոն Մոսկվային մեղադրել էր բելառուսական մի շարք ձեռնարկությունների կողմից մսամթերքի արտահանումը Ռուսաստան թույլ չտալու համար:

2014թ. սկզբից Մոսկվայի՝ Ուկրաինայում վարած քաղաքականության արդյունքում արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանն իր հերթին արգելեց սննդամթերքի ներմուծումը իր դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից։ Արդյունքում, ըստ ամենայնի, բելառուսական ընկերությունները ներկրում են Ռուսաստանում արգելված եվրոպական արտադրանքը, վերափաթեթավորում որպես բելառուսական և արտահանում Ռուսաստան: Կամ էլ հասցեագրում են Ղազախստան՝ դրանք իրացնելով Ռուսաստանում։

Նոյեմբերի վերջին, օրինակ, Ռոսսելխոզնադզորը՝ Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, արգելեց բելառուսական մսամթերքի ներմուծումը՝ հայտարարեով, որ դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին և պարունակում են վնասակար միկրոօրգանիզմներ և հակաբիոտիկներ։

Հ․Գ․

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագիրը, որը երեք երկրների խորհրդարաններում հավանություն ստանալուց հետո ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին։