Եդեմական դաչա

10609329_805354619516082_662841246_nՀաշվի առնելով Հայաստանի տնտեսական ներկայիս իրողությունները՝ կարելի է արձանագրել, որ անկախ նրանից, թե ինչ տնտեսական միության է անդամակցում երկիրը, միևնույն է, տնտեսական ենթակառուցվածքների զարգացածության մակարդակը թույլ չի տալու օգտվել տրվող արտոնություններից: Հայաստանում բացակայում է զարգացման տնտեսական մոդելների շուրջ բանավեճը, և գրեթե ամեն ինչ դիտարկվում է հուզական և իռացիոնալ հարթությունում:

Գույներն ավելի են խտանում, երբ խոսքը վերաբերում է հանքարդյունաբերական ոլորտին: Նույնիսկ ոչ մասնագիտական հայացքն է բավական պատկերացնելու, որ 3 միլիոն ու ավելի բնակչությամբ երկիր ունենալու համար Հայաստանին արդյունաբերություն է պետք՝ հանքայինից մինչև քիմիական, թեթև արդյունաբերությունից մինչև մեքենաշինություն:

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին 20 ընկերություններից միայն 5 ընկերություն է, որ զբաղվում է արդյունաբերական արտադրանք տալով, որից 2-ը հանքարդյունաբերական ընկերություններ են: Մնացածները կամ առևտրային ընկերություններ են կամ բանկեր:

Փաստացի, այժմ Հայաստանում որպես ծանրակշիռ արդյունաբերական ճյուղ մնացել է հանքահումքային արդյունաբերությունը, որն ապահովում է բյուջեի շոշափելի մուտքեր, զգալի աշխատատեղեր և մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի:

Իհարկե, շատ վատ է, որ մեր տնտեսությունն այսպիսի կառուցվածք ունի, սակայն չստեղծելով այընտրանքային արդյունաբերական ճյուղեր՝ պայքարել հանքահումքային արդյունաբերության զարգացման դեմ, մեղմ ասած անհասկանալի և անտրամաբանական է: Կամ զարգացած երկիր լինելը ամենևին էլ չի նշանակում հրաժարվել հանքահումքային արդյունաբերությունից:

Արդյունաբերական այդ ճյուղը վերացնելու դեպքում կարող ենք բավականին տխուր պատկեր ունենալ, որն աղետալի սոցիալ-տնտեսական վիճակ կստեղծի հատկապես հանքարդյունաբերող մարզերում: Հանքարդյունաբերության դադարեցման դեպքում միգուցե ունենանք էկոլոգիապես ավելի մաքուր Սյունիք, Ախթալա կամ Ալավերդի: Սակայն այդ տարածքները «մաքուր» կլինեն նաև բնակչությունից: Հանքերի փոխարեն գյուղատնտեսությանը զարկ տալը՝ մեղու պահելու կամ մուրաբա արտադրելու տեսքով, լուրջ չէ և չի կարող փոխարինել հանքարդյունաբերության սոցիալ-տնտեսական ազդեցությանը:

Հանքարդյունաբերության հետ կապված խնդիրն անտրամաբանական է քննարկել լինել -չլինելու համատեքստում: Անհրաժեշտ է օրակարգում պահել հանքարդյունաբերության ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը, և այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ստացված շահույթը տնտեսության մեջ հավասարաչափ և արդարացի բաշխել:

Վտանգներ, վտանգներ, վտանգներ

Հանքարդյունաբերության դեմ բերվող հիմնական փաստարկներն են բնապահպանական հնարավոր վտանգներն ու աղետները և օտարների կողմից մեր ազգային հարստության թալանը:

Հնարավոր բնապահպանական վտանգների մասով պետք է ուսումնասիրել զարգացած երկրների փորձը: Թյուր պատկերացում է, թե իբր հանքահումքային արդյունաբերությամբ զբաղվում են բացառապես երրորդ աշխարհի զարգացող երկրներում, որոնք հանքահումքային կցորդ են հանդիսանում զարգացած երկրների համար:

Հանքեր շահագործվում են, օրինակ, զարգացած Շվեդիայում կամ Կանադայում, որտեղ բնապահպանական կանոնները շատ ավելի խիստ են, քան Հայաստանում: Սա նշանակում է, որ ձև կա հնարավորինս անվտանգ հանքարդյունաբերություն կազմակերպելու համար: Այս առումով ծայրահեղական մոտեցում ևս կա, որ նույնիսկ զարգացած երկրներում են ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվում, ասենք՝ պոչամբարներ են փլվում՝ վնասելով էկոմիջավայրը, հետևաբար հանքարդյունաբերությունը պետք է արգելել նման աղետներից խուսափելու համար:

Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա չպետք է թռչել ինքնաթիռով և երթևեկել ավտոմոբիլներով, քանի որ դրանք էլ են պարբերաբար վթարի ենթարկվում: Նույն տրամաբանությամբ ամբողջ աշխարհում պետք է արգելել ատոմակայանների կառուցումը, իսկ եղածներն էլ փակել, քանի որ դրանց վթարի դեպքում էլ ավելի մեծ աղետ է սպառնում:

Իսկ ազգային հարստությունը օտարների կողմից թալանելու մասին հայտարարությունները պարզապես դեմագոգիա են: Նախ, եթե այդքան հեշտ է օտարների համար Հայաստանի ազգային հարստությունը թալանելը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչև հիմա գոնե տասը միջազգային ընկերություն չի եկել Հայաստան, ներդրում չի արել և հետո ազգային հարստությունը թալանած վերադարձել: Միգուցե խնդիրը ամենևին էլ ազգային հարստության թալանի մեջ չէ՞, այլ երկրում վստահելի ներդրումային միջավայրի բացակայության մեջ է: Ռիսկային ու ծախսատար այս ոլորտում օտարերկրյա ընկերությունները հիմնականում խուսափում են ներդրումներ կատարել Հայաստանում, իսկ եկողներն էլ բազմաթիվ ստվերային դիմադրությունների են հանդիպում:

Մասնավո՞ր, թե՞ պետական

Կոչեր են հնչում նաև, որ «չի կարելի շահութաբեր ձեռնարկությունը տալ մասնավորի ձեռքը: Դրանք պետք է պետությունն ինքը շահագործի, որ ողջ շահույթը մնա ժողովրդին»: Չքննարկենք, որ նման կոչը առավել համահունչ է կոմունիստական գաղափարախոսությանը:

Այս առումով հարցադրում անենք, պատկերացնում ենք, չէ՞, թե ինչպես է տնօրինելու մինչև կոկորդը կոռուպցիայի մեջ խրված չինովնիկական ապարատը մեր ազգային հարստությունը: Ամենայն հավանականությամբ այդ ազգային հարստությունը դոլարների վերածված հանգրվանելու է օֆշորային ինչ-ինչ բանկերում մասնավոր անձանց անուններով: Ներկա իրողությունում նման հայտարարություն անելը պարզապես կոռուպցիան սնելու ու բարձրաստիճան չինովնիկներին հարստացնելու կոչ է: Բացի այդ, տնտեսագիտորեն ապացուցված է, որ պետությունը վատ կառավարիչ է, առավել ևս այն պետությունը, որը չի վերահսկվում քաղաքացիական հասարակության կողմից:

Ազգային հարստությունը թալանելու տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ամերիկացիները կարող են ասել, որ հոլանդա-բրիտանական Shell ընկերությունը թալանում է ԱՄՆ-ի ազգային հարստությունը Մեքսիկական ծոցում, իսկ կանադացիների հարստությունը՝ Կանադայի Ալբերտա նահանգում:

Իհարկե, այդ ոլորտում կան բազմաթիվ թերություններ, սակայն այդ թերությունները վերացնելու գործում առաջնային է պետության դերակատարությունը՝ որպես կարգավորող ու վերահսկող մարմնի, ինչպես նաև ճիշտ հարցադրումների և պահանջների բացակայությունը: Հանքարդյունաբերության լինել-չլինելու խնդիրը պետք է քննարկել տնտեսական արդյունավետության և պետական շահի տեսանկյունից, այլ ոչ թե առաջնորդվել հուզական մոտեցումներով:

Եդեմական դաչա

Ղարաբաղյան շարժման տարիներին Արցախին օգնելու մտահոգությամբ Երևանում գիտնականների ու մտավորականների հավաք էր տեղի ունենում, որպեսզի հասկանան՝ տնտեսական առումով ինչպես կարող են օգնել Արցախին:

Քննարկման ժամանակ ներկաներից մեկը շատ լուրջ տոնով հայտարարում է, որ իրենց տան հետևի սարի դոշի մոշը որ վաճառեն, կարող են լիուլի պահել Արցախը։

Ներկաներից մյուսն էլ կրկին լուրջ տոնով արձագանքում է՝ ինչո՞ւ միայն Արցախը, դրանով «Կրասնադարսկի կրայն» էլ կպահեն:

Հետո նաև հնչեցին ջերմուկով Հայաստանը պահելու մասին հայտարարություններ, հիմա էլ հնչում են մեղրով ու չրով երկիրը պահելու մասին հայտարարություններ:

Մեղրով ու մուրաբայով պահվող Հայաստանը էկոլոգիապես մաքուր «եդեմական «դաչա» կլինի զբոսաշրջիկների համար: Երկրին անհրաժեշտ կլինի մոտ 800 հազար բնակչություն, որի մի մասը պետք է միրգ աճեցնի ու մուրաբա պատրաստի, մյուս մասն էլ որպես զբոսաշրջիկներին սպասարկող անձնակազմ ծառայի:

Փաստացի արտագաղթի տեմպերն ու տնտեսության վախճանը նպաստում են հենց այդպիսի «եդեմական պարտեզ» կառուցելուն:

Մեկնաբանել